Այս պահին իրավիճակը հանգիստ է. Արցախի Մարտունու վարչակազմի ղեկավար

«Ամեն ինչ նորմալ է, խուճապի մատնվելու որևէ պատճառ չկա: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,- 168.am–ի զրույցում վստահեցրեց Արցախի Հանրապետության Մարտունու վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը՝ հորդորելով հետևել Պաշտպանության բանակի պաշտոնական լրահոսին:

Անդրադառնալով հանրային տրամադրություններին՝ վարչակազմի ղեկավարը նշեց. «Նորմալ է, մարտական»:

Հիշեցնենք` երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել։ Արցախի պաշտպանության բանակից տեղեկացրին՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեպքի առնչությամբ հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:

Ի դեպ, ադրբեջանական կողմը հրադադարի խախտումները շարունակել է նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով ՊԲ-ի սանիտարական մեքենան:

Տեսանյութեր

Լրահոս