Եթե դասախոսներից կամ ուսանողներից որևէ մեկը հիվանդանում է, 14 օր հեռավար է մասնակցում դասընթացին. ԵՊՀ խոսնակ
2021թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։
«Մենք պայմանավորվածություն ունենք ձեռք բերված, համաձայն որի՝ թեստի արժեքը 6000 դրամ է, որից 3000 դրամը ԵՊՀ-ն է վճարելու: Այսինքն, 50 տոկոս փոխհատուցում ենք: 3000 դրամ՝ յուրաքանչյուր թեստի համար, ամիսը երկու անգամ»,- ավելի վաղ 168.am-ի հետ զույցում ասել էր ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը:
Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ որոշումը չեղարկվել է, քանի որ դժվարություններ էին ծագել:
«Որոշումը ժամանակավորապես հետ է կանչվել»,- մանրամասնեց ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետը:
Հարցին՝ կորոնավիրուսով վարակվածության դեպքերը շա՞տ են ԵՊՀ-ում և ի՞նչ վիճակ է պատվաստումների առումով, Ազնիվ Գրիգորյանը պատասխանեց.
«Կորոնավիրուսով վարակվածությունը շատ չէ, այսինքն՝ դասապրոցեսի վրա չի ազդում, բայց եթե դասախոսներից կամ ուսանողներից որևէ մեկը հիվանդանում է, 14 օր հեռավար է մասնակցում դասընթացին: Իսկ պատվաստումները մեզ մոտ ակտիվ ընթանում են»: