«Ոստիկանների վայրագ գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի». Արա Զոհրաբյան
Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ստորև կցված տեսանյութերում տեսնում ենք բիրտ ուժ կիրառող ոստիկանների, նրանց հայհոյանքով հրաման տվող ղեկավար ոստիկանի, ոստիկանների վայրագություններից ահաբեկված լացող երեխաների:
Եթե ոստիկանների այս տեսակը չմաքրվի համակարգից և խիստ պատժի չարժանանա, ապա ամբողջ ոստիկանության ինստիտուտը՝ իր մեջ ներառող բարեխիղճ ոստիկաններով չի կարողանա վստահություն վայելել հանրության աչքերում:
«Ոստիկանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:
Այս միջադեպում չկար անձի իրավունքները, ազատությունները և պատիվը հարգելու սկզբունքը, ընդհանրապես բացակայում էր մարդասիրությունը: Անկախ նրանից, ոստիկանության նպատակն իրավաչափ էր, թե՝ ոչ (փաստաբանի պնդմամբ իրավաչափ չէր, վարչական ակտը վիճարկվում էր), միևնույն է, ոստիկանությունը պետք է վերոհիշյալ սկզբունքներով ղեկավարվեր:
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, փաստաբան ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այս միջադեպը դարձնել քննության առարկա և մեղավոր ոստիկանների պատասխանատվության հարցը լուծել»: