Հնդկաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ կոնֆլիկտի խաղաղ լուծմանը. Ջայշանկար
Հնդկաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Այս մասին ասաց Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային իրավիճակին:
«Մեր դիրքորոշումը շատ հետևողական է: Բախումներից սկսած մենք կողմնակից էինք խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով: Մենք արտահայտել ենք մեր աջակցությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Հնդկաստանը միշտ խաղաղության և կայունության կողմնակիցն է այս տարածաշրջանում»,- ասաց Ջայշանկարը:
Նա նկատեց՝ անցյալ տարի Հայաստանն անցել է շատ դժվար փուլով: Նախարարը Հնդկաստանի կառավարության, ժողովրդի անունից խորը ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին:
Անդրադառնալով Հայաստան իր առաջին այցին՝ նախարարն ասաց, որ դա երկու երկրների միջև համագործակցության համար նոր փուլի սկիզբ է: ԱԳ նախարարը շեշտեց, որ երկու երկրների բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ միջնադարից սկսած: Ջայշանկարն ընդգծեց, որ Հնդկաստանում ունեն հայկական ժառանգություն, եկեղեցիներ, կրթական հաստատություններ, գերեզմանոցներ, հայկական ժառանգությունը պահպանվել է մեծ ուշադրությամբ և հարգանքով: Նա ընդգծեց նաև Հնդկաստանի պատմությանը հայկական համայնքի բերած մեծ նպաստի մասին:
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի հետ իր հանդիպմանը՝ նա ասաց, որ շատ արդյունավետ հանդիպումներ են ունեցել: «Մենք ուրվագծեցինք մեր համապարփակ երկկողմ հարաբերությունները, քննարկեցինք երկկողմ հարցերը, հիմնականում համաձայնեցինք հետագա համագործակցության և փոխանակումների վերաբերյալ: Համաձայնեցինք, որ մեր երկկողմ հարաբերություններն ընդլայնվել են մշակութային, քաղաքական ոլորտներում: Դեռևս մեծ հնարավորություն կա՝ ընդլայնելու տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, ներդրումների ոլորտներում»,- ասաց նա:
Հնդկաստանի ԱԳ նախարարը շեշտեց՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ներկայում էլ քննարկումներ են գնում ԵԱՏՄ-ի հետ Հնդկաստանի առևտրի համաձայնագրի ուղղությամբ:
Նա կարևորեց նաև երկրու երկրների գործարարների համագործակցության խթանումը:
Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաև փոխադարձ չվերթների հավանականության հարցը: «Հայաստանը դիտարկում ենք որպես սերտ համագործակցող երկիր»,- ընդգծեց Հնդկաստանի ԱԳ նախարարը: