«Վերջին այցելությունը բոլոր գերեվարված անձանց տեղի է ունեցել սեպտեմբերին». «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդրին, նախ նշեց, որ հիմնական տեղեկատվությունը, որը կապված է ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանակցություններին՝ «Կարմիր խաչի» տիրույթում չէ։
«Կողմերն իրենք են այդ հարցերով զբաղվում, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն չի մասնակցում այդ բանակցություններին։ Մենք կարող ենք կողմերին փոխանցել առաջարկներ։ Այս առումով ևս տեղեկատվությունը փակ է՝ հրապարակման ենթակա չէ։
«Կարմիր խաչը» պարբերական կերպով այցելությունների միջոցով ծանոթանում է ռազմագերիների ընդհանուր վիճակին, թե ինչպես են իրենց վերաբերում, ինչպիսի առողջական վիճակում են գտնվում։ Օգնել ենք նրանց այդ ընթացքում պահել կապը հարազատների հետ՝ տարբեր կապի միջոցներով։ Մեր վերջին այցելությունը բոլոր գերեվարված անձանց տեղի է ունեցել սեպտեմբերին՝ ամիս մեկ պարբերականությամբ մենք տեսակցում ենք նրանց»,- նշեց Զառա Ամատունին։։
Ինչ վերաբերում է այն անձանց, որոնց մասին կան տեղեկություններ, որ կարող են ժամանակին առևանգվել են, բայց նրանց անունները չեն հաստատվել իշխանությունների կողմից, ըստ Զառա Ամատունու, այս առումով ևս «Կարմիր խաչը» կապի մեջ է այդ անձանց հարազատների հետ։
«Համապատասխանաբար իշխանության տարբեր կողմերի հարցումներ ենք ուղարկում, որպեսզի կարողանանք ինչ-որ ժամանակահատվածում ինչ-որ իրավիճակում պատասխաններ գտնել այդ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ։
Մեր այցերը տեղի են ունենում այն անձանց մոտ, որոնց գերեվարումը հաստատվել է իշխանության կողմից, մենք նրանց գրանցել ենք և շարունակաբար իրենց տեսակցում ենք՝ անկախ նրանից՝ նրանք դատապարտվա՞ծ են, թե՞ ոչ։
Մենք սերտորեն շարունակում ենք աշխատել այն մարդկանց հետ, որոնք փնտրում են իրենց հարազատին և տվյալ պարագայում չունեն որևէ լուր։ Հավաքագրում ենք իրենց մասին մանրամասն տեղեկություններ և պատրաստում հարցումներ և դրանք ենք ուղարկում երկու կողմերի իշխանություններին։ Այս առումով կապի մեջ ենք այդ անձանց ընտանիքների հետ։ Այդ գործողությունների մասին ավելի ուշ կարող ենք խոսել, այս պահին միայն շարունակում ենք տվյալները հավաքագրել»,- եզրափակեց Զառա Ամատունին։