Պատրիարք Կիրիլը պարգևատրել է Գարեգին Երկրորդին Ռուսաց Եկեղեցու «Փառքի և պատվի» 1-ին աստիճանի բարձր շքանշանով
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մոսկվայում հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հետ: Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը, ընդունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հույս է հայտնել, որ Գարեգին Երկրորդի այցը կնպաստի Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների, ինչպես նաև երկու ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացմանը:
«Ջերմագին ողջունում ենք Ձեզ և բոլոր եղբայրներին: Շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար: Մեր եկեղեցիների, ինչպես և ռուս և հայ ժողովուրդների բարեկամական հարաբերությունները դիմացել են ժամանակի փորձությանը: Հուսով եմ, որ Ձեր այցը կնպաստի մեր եկեղեցիների և մեր ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացմանը: Ռուս և Հայ եկեղեցիները բազմադարյա կապեր ունեն, և մեր ժողովուրդները նաև միասին են ապրել մեկ երկրի տարածքում, և երբ երկրները դարձան ինքնիշխան, բարեբախտաբար, բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի և Հայաստանի միջև պահպանվեցին: Եվ ես կարծում եմ, որ շատ առումներով դա պայմանավորված է մեր եկեղեցիների միջև բարեկամական հարաբերություններով», – ասել է Պատրիարք Կիրիլը:
Ռուս Եկեղեցու հոգևոր պետ Կիրիլ Պատրիարքը նաև պարգևատրել է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին Ռուսաց Եկեղեցու «Փառքի և պատվի» 1-ին աստիճանի բարձր շքանշանով՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մոսկվայի Պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար և Հայոց Հայրապետի 70-ամյակի առիթով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նշել է, որ երկու ժողովուրդների ու եկեղեցիների միջև դարավոր բարեկամությունը դրսևորվել է թե դժվարին ժամանակներում, և թե վերելքի ընթացքում: «Մենք միասին բերկրանք ենք ապրել, ուրախացել համատեղ ձեռքբերումներով և միասին նաև պայքարել, արյուն ենք հեղել մեր ժողովուրդների անխախտ բարեկամության պահպանության, նաև՝ մեր ժողովուրդների անկախ ու ազատ կյանքի համար: Մենք հպարտություն պարգևող բազում այդպիսի վկայություններ ունենք, մասնավորապես՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, նաև՝ խորհրդային ժամանակաշրջանի ողջ ընթացքում: Այդ նույն ոգին, այդ նույն գիտակցությունն առաջնորդել են մեր ժողովուրդներին, մեր եկեղեցիներին նաև անկախության տարիներին: Մեր այցելությունները, հանդիպումները Ձերդ Սրբության հետ վկայությունն են այդ ոգու և այդ իրողության: Մենք շտապես զգացել ենք Ռուսիո Ուղղափառ եկեղեցու հոգևոր պետերի զորակցությունը մեր ժողովրդին և մեր եկեղեցուն»,- ասել է Վեհափառ Հայրապետը:
Կաթողիկոսը փաստել է՝ այսօր բարդ ու դժվարին ժամանակներ են մեր երկրի և մեր ժողովրդի համար: «Մենք հավատում ենք, որ Աստծո զորակցությամբ և մեր հավատքի շնորհիվ այս փորձությունը ևս պիտի հաղթահարենք մեր ժողովրդի հետ միասին և բարեկամ մեր երկրների և ժողովրդների հետ, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Ռուսաց Ուղղափառ եկեղեցու: Այս հանդիպումը իրապես հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք անդրադարձ կատարել այդ հարցերին, խնդիրներին, որոնք այսօր ծառացած են մեր ժողովրդի առջև, հուզում են մեր ժողովրդին: Ինչպես նաև անդրադարձ կատարել Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրակարգ ներկայությանը Հայաստանում, որը դժբախտաբար բավականին ժամանակ ձգձգվում է: Մենք լիահույս ենք, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին մի օր բարձրաստիճան եկեղեցական մշտական ներկայություն կունենա Հայաստանում և ավելի կնպաստի մեր կապերի զորացմանն ու մեր գործակցության խորացմանը»,- եզրափակել է Կաթողիկոսը: