«Ինձ հետ կապված խնդիրը Կոմիտեից է եկել… Ես խոչընդոտ էի այդ մարդկանց համար». Արայիկ Առաքելյան

Օրեր առաջ 168.am-ի խմբագրություն էր այցելել Կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանը, ում գործունեությանը մենք անդրադարձել ենք մի քանի հրապարակումներով, և ում հետ ներկայումս գտնվում ենք դատական գործընթացների մեջ:

Արայիկ Առաքելյանը մեզ ասաց, որ իր այցի նպատակը ճշմարտությունը վեր հանելն ու շատ գործընթացների վրա լույս սփռելն է, թյուրըմբռնումներից խուսափելը: Մենք խոստացանք ներկայացնել նրա տեսակետը ևս:

Հիշեցնենք, որ նա դատական երկու հայց է ներկայացրել 168.am-ի դեմ՝ պահանջելով հերքում և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում՝ յուրաքանչյուր հրապարակման համար պահանջելով 500.000 դրամ։

Հայցերից մեկը վերաբերում է 168.am-ի՝ «Իմքայլական Կարեն Սարուխանյանը կոռուպցիոն գործով անցնող կադաստրի նախկին պետի կնքահա՞յր» վերտառությամբ հոդվածին, որտեղ մասնավորապես անդրադարձել էինք Գյումրիում շրջանառվող այն լուրերին, որ իմքայլական Կարեն Սարուխանյանը փորձում է իր հին պաշտոնին բերել Արայիկ Առաքելյանին։

Հրապարակել էինք նաև այս նախկին պաշտոնյայի ու նրա կնոջ թույլ տված չարաշահումների փաստով հարուցված քրգործերը՝ բառացի մեջբերելով ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական գրությունն առ այն, որ Արայիկ Առաքելյանն ու Գյումրիի դպրոցներից մեկում ուսուցչուհի աշխատող նրա կինը հայտնվել են կոռուպցիոն սկանդալի մեջ։

Արայիկ Առաքելյանի խոսքով՝ իր դեմ կազմակերպված արշավ է ընթացել, և չի բացառվում, որ այն ուղղորդված լինի Կադաստրի պետական կոմիտեի կենտրոնական մարմնի կողմից:

«Կադաստրի համակարգում աշխատել եմ 20 տարուց ավելի: Եղել եմ Ախուրյանի, Աշոցքի, Գյումրիի, Շիրակի մարզի կադաստրի պետը: 2014թ.-ին համակարգից դուրս եմ եկել, ապա ամիսներ անց կրկին վերադարձել եմ՝ ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնում, մինչև 2018թ. սեպտեմբեր, ապա տեղակալի պաշտոնից ազատվել ու նշանակվել եմ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց Արայիկ Առաքելյանը՝ հավելելով, որ արդեն մրցույթի ժամանակ իր մրցակիցն իրեն ասել է, որ նպատակ չի ունեցել մասնակցել մրցույթին, սակայն իրեն ասել են՝ կամ կմասնակցես մրցույթին ու կդառնաս Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար, կամ կազատվես նաև քո՝ ներկայումս զբաղեցրած պաշտոնից:

Արա Առաքելյանի խոսքով՝ իր համար շատ զարմանալի կերպով ոչ ինքն է հաղթել այդ մրցույթում, և ոչ էլ իր մրցակիցը, սակայն հրաման են ստորագրել՝ դադարեցնել իր լիազորությունները՝ որպես կադաստրի պետի ժամանակավոր պաշտոնակատարի, ինչը Քաղծառայության մասին օրենքով չի կարգավորվում:

«Ես նշանակվել եմ Սարհատ Պետրոսյանի օրոք, իսկ ազատման հրամանը Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տվել է այն ժամանակ, երբ ես գտնվում էի արձակուրդում: Այս առնչությամբ ես Վարչական դատարան հայց եմ ներկայացրել, քանի որ կատարվել է ապօրինի գործողություն: Բացի դրանից, խախտում է նաև այն, որ ինձ առհասարակ ազատել են ժ/պ-ի պաշտոնից, քանի որ օրենքն ասում է, որ ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատում են, երբ մրցույթ է կայանում, ու այդ մրցույթում հաղթող անձ է լինում, ինչն իմ պարագայում այդպես չէր»,- ասաց Շիրակի կադաստրի պետի նախկին ժ/պ-ն:

Ըստ Արայիկ Առաքելյանի՝ օրեր անց սկսվել է Արցախյան 44-օրյա պատերազմը, ինքը մեկնել է Արցախ սեպտեմբերի 28-ի առավոտյան, վերադարձել է պատերազմի ավարտից հետո, զբաղվել է զորամասի ղեկավարությանը մատակարարման հարցերով օժանդակելու խնդիրներով, ՊՆ-ի կողմից անգամ պատվոգիր ունի:

«Կոնկրետ այն զորամասում, ուր ես էի գտնվում, մենք լուրջ առավելություն ունեինք: Հենց առաջին օրը թուրքերը մի քանի դիրքեր էին վերցրել, 2-3 օրվա մեջ բոլորը հետ բերեցին, ու այդ ամենը՝ մեր ժամկետային ծառայողների ու զորամասի հրամանատարության շնորհիվ: Շատ կազմակերպված էին գործում: Մենք զոհ կամ վիրավոր չունեցանք, որին թողած կլինեինք թշնամու կողմում»,- ասաց Արայիկ Առաքելյանը:

Հարցին՝ ինչպե՞ս էր կազմակերպվում մատակարարումը, օգնություն արդյո՞ք հասնում էր, Արայիկ Առաքելյանը պատասխանեց՝ Սոթքի տարածք հասնելը խնդիր էր, եղել է դեպք, երբ Շիրակից եկել են, օգնություն են բերել, չեն կարողացել անցնել:

«Կոնկրետ դեպք է եղել, երբ զինվորներին ցավազրկող դեղ է պետք եղել, հագուստ, կոշիկ, գլխարկ, ցանցեր: Դիմել եմ իշխանության բազմաթիվ մարմինների, տարբեր մարդկանց: Ասել են, որ այդ հարցերը չեն կարող կարգավորել: Անձամբ եմ ասել՝ երեխեքին դեղ է պետք, որոնցից մեկն էլ՝ իմ որդին: Չկար էդ դեղը: Բայց ես դա կազմակերպել եմ: Միակ մարդը, ով արձագանքել է, եղել է Շիրակի այդ ժամանակվա մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ում ես շնորհակալ եմ: Երբ նշված հարցերով դիմեցի իշխանության տարբեր ներկայացուցիչների, ու արձագանք չեղավ, դիմեցի մարզպետին, ու ինքը խնդիրներն արագ կարգավորել է: Ինչ պետք է եղել, 4 ժամվա ընթացքում նա արագ ուղարկել է»,- նշեց Արայիկ Առաքելյանը՝ հավելելով, որ անգամ հետախուզական դրոններ է հասցրել ճակատ:

Վերջինս նշում է՝ Քարվաճառը պետք է ադրբեջանցիներին հանձնվեր նոյեմբերի 25-ին, ինքը 24-ին դուրս է եկել այնտեղից, եկել է Սոթք, ապա դեկտեմբերի 5-6-ին վերադարձել տուն:

Արայիկ Առաքելյանը նշում է՝ Կադաստրի համակարգից չի եղել որևէ մեկը, որ այս պատերազմին պետության կողքին կանգնի:

«Ի՞նչ են արել, 5-10 000 դրա՞մ են հավաքել… Փոխարենն էլ պարգևավճար են ստացել: Այդ պահին երեխեքը Արցախում զոհվում էին, իրենք այստեղ պարգևավճար էին ստանում: Իրենք զինվորի հաց են կերել: Կադաստրի կոմիտեից ջոկատ չի կազմվել, չեն գնացել, կամ գուցե կազմվել է, բայց որևէ մեկը չի մասնակցել պատերազմին»,- ասաց նա:

Հաջորդիվ Արայիկ առաքելյանն անդրադարձավ պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացներին:

«Հունվարին կրկին սկսել եմ զբաղվել աշխատանքի անցնելու հարցերով: Մինչ այդ, երբ ինձ ազատում էին ժ/պ-ի պաշտոնից, ասել էին՝ մի ամսից կրկին մրցույթ կլինի, դու կմասնակցես: Դա սեպտեմբերի 10-11-ին էր: Հետո սկսվեց պատերազմը… Արդեն վերադարձից հետո՝ ապրիլին, մրցույթ նշանակվեց: 8 հայտ ներկայացնողներից 4-ը մասնակցեցին մրցույթի գրավոր փուլին, միայն ես անցա: Բանավոր փուլը հաղթելու համար պակասեց 5-6 միավոր: Այդ ժամանակ արդեն Կադաստրի պետական կոմիտեի դեմ հայց ունեի ներկայացրած, և պարզ էր, որ չէի էլ անցնելու»,- ասաց Արայիկ Առաքելյանը:

Ըստ նրա՝ մոտ 1.5 ամիս անց նշանակվել է հաջորդ մրցույթը, որում երկու հաղթողներից նշանակվել է Սարգսյան ազգանունով անձը, ինքը հենց այդ վայրկյանին էլ շնորհավորել է իր մրցակցին:

168.am-ի հարցին, թե ինչու են իր անունը կապում Շիրակի նախկին մարզպետ, իմքայլական  նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, ում  միջոցով են ըստ էության լուծվում Շիրակի մարզի բոլոր կադրային հարցերը, Արայիկ Առաքելյանն ասաց՝ մենք նույն տարածքից ենք:

«Ես ծնունդով Ղուկասյանի գյուղերից եմ, Կարեն Սարուխանյանը՝ նույնպես: Նրա հայրն ու հորեղբայրն ինձ համար հարազատ մարդիկ են: Ես հազար ծանոթ ու հարազատ կարող եմ ունենալ, բայց այդ հարազատը կարող է ուրիշ մտածելակերպ ունենալ, ես՝ ուրիշ: Կարող են տարբեր լինել նաև մեր դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ: Կարեն Սարուխանյանի հայրն ինձ համար հորեղբայր է: Բնականաբար, ճանաչում եմ որդուն, շփում եղել է, բայց որևէ գործնական հարաբերություն չենք ունեցել: 2018թ. հեղափոխությունը որ եղավ, չեմ թաքցնի, ես ողջունել եմ, թեպետ նախկինների նկատմամբ երբեք միանշանակ վերաբերմունք չեմ ունեցել: Կարեն Սարուխանյանի հետ վերջին անգամ չեմ հիշում՝ երբ եմ շփվել»,- ասաց Արայիկ Առաքելյանը:

Շիրակի մարզի կադաստրի նախկին պետն ասում է՝ իշխանության ներկայացուցիչների հետ տարբեր հանդիպումների ժամանակ միշտ էլ ասել է, որ եթե պետք է պայքարել անօրինականության, կոռուպցիոն երևույթների դեմ, ինքը միշտ պատրաստ է:

«Բայց էս ի՞նչ է կատարվում, դեպի ո՞ւր ենք մենք գնում… Ես կարծում եմ՝ ինձ հետ կախված խնդիրը հենց այդտեղից է եկել, որովհետև ես երբ Սուրեն Թովմասյանի մոտ այդ խնդիրներն էի բարձրաձայնում, վերջինս ինձ ասաց՝ ես առհասարակ կապ չունեմ ՔՊ-ի հետ: Ինձ հետ կապված խնդիրը Կոմիտեից է եկել, ուրիշ ոչ մի տեղից»,- ասաց Արայիկ Առաքելյանը:

Վերջինս նշում է՝ բազմիցս Կոմիտեի ղեկավարությանն ասել է՝ ցույց տվեք գեթ մեկ փաստ, որ ինքը թերացել է իր աշխատանքի մեջ, ինքը ներողություն կխնդրի ու կհեռանա:

Ինչ վերաբերում է դատախազության հետ ունեցած խնդիրներին, Արայիկ Առաքելյանը նշում է՝ ինքն առհասարակ բացատրություն կամ ցուցմունք չի տվել:

«Ես հրավիրվել եմ քննչական մարմին: Բայց եթե ես բացատրություն կամ ցուցմունք չեմ տվել, իմ անմեղությունը կամ մեղավորությունը որտե՞ղ է: Ուղղակի ավելորդ քաշքշուկից ու ժամանակի վատնումից խուսափելու համար ես բառացի գրել եմ՝ համաձայն եմ, կարճեք գործը: Բայց մինչ այդ ես օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից և առհասարակ ոչ ցուցմունք եմ տվել, ոչ բացատրություն. հրաժարվել եմ»,- ասաց Արայիկ Առաքելյանը:

Արայիկ Առաքելյանը կարծում է՝ իր անվան շուրջ այս աղմուկն իրականում կազմակերպվել է մարդկանց կողմից, ովքեր լավ էլ համագործակցում են այս իշխանության հետ, սակայն հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից:

Հարցին՝ ովքե՞ր են նրանք, Արայիկ Առաքելյանն ասաց՝ այս պահին անուններ դեռ չի տա:

«Մարդիկ երևի մտածել էին՝ ես պատերազմից չեմ էլ վերադառնա, ու իրենք ում կուզեն՝ կնշանակեն: Բայց թարսի պես ես եկա, ու այս մարդկանց հաջողությունը դարձավ անհաջողություն: Ես խոչընդոտ էի այդ մարդկանց համար և ձեռնտու չէի իշխանություններին»,- ասաց Արայիկ Առաքելյանը:

Արայիկ Առաքելյանը շեշտեց՝ մրցույթին մասնակցելու իր մոտիվացիան կադաստրի համակարգի ավերումը թույլ չտալն էր:

«Ես ամեն ինչ եմ արել այդ համակարգի համար, սրտացավ եմ եղել, անգամ Կադաստրի համար շենք եմ փնտրել ու գտել, քանի որ Կադաստրը շենք չուներ: Ես սկզբունքորեն եմ մասնակցել այդ մրցույթին: Ես սկզբունքներ ունեմ»,- եզրափակեց Արայիկ Առաքելյանը:

Տեսանյութեր

Լրահոս