Եթե ՊՇՌ թեստը դարձնեն անվճար, մարդիկ հակված կլինեն չպատվաստվելուն. Ռուբեն Ռուբինյան
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնող անդամներն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձան նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման թեմային: ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի կարծիքով, եթե ՊՇՌ թեստը դարձնեն անվճար, ապա մարդիկ հակված կլինեն չպատվաստվելուն։ Միևնույն ժամանակ, իշխանության ներկայացուցիչը համոզված է, որ հանրությանը չեն պարտադրում պատվաստվել.
«Չկա պարտադրանք այն առումով, որ բոլորը պարտավոր են պատվաստվել, բայց պետությունը, ընդ որում, բոլոր պետությունները ստեղծում են պայմաններ, որ քաղաքացիներն ավելի շատ հակված լինեն պատվաստվելուն։ Օրինակ՝ Ֆրանսիայում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան գնալ սրճարան, նրանք կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ 72 ժամվա մեջ արած թեստ ունենան, որը վճարովի է։ Ես կուզեի, որ բոլոր ուժերը միահամուռ ասեն, որ՝ ժողովուրդ ջան, պատվաստվեք, որովհետև դա պետք է»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։
Միաժամանակ նա պնդեց, որ Հայաստանում չկա պատվաստումներից մահացած մարդ։
«Պետք է ֆիքսեք, որ պատվաստանյութերը մաքսիմալ անվտանգ են, և, որ մեր հայրենակիցների մահերից խուսափելու համար պետք է պատվաստվենք»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում