«Եկեք գոնե այս մի հարցում, կարևոր չէ՝ իշխանություն է, ընդդիմություն է, մի գիծ ունենանք». Ռուբեն Ռուբինյանը՝ լրատվամիջոցներին
ԵԽԽՎ-ն վերջերս զեկույց հրապարակեց պատվաստումների ոչ պարտադիր լինելու մասին, իսկ Հայաստանում նորմատիվ տարբեր ակտերի մակարդակով՝ նախարարի հրաման, թե օրենսդրական փոփոխություն, պատվաստումները, ուղղակի թե անուղղակի, պարտադրվում է հասարակությանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն անդրադառնալով թեմային՝ նշեց, որ քննարկում ծավալվել է պատվաստման հետ կապված, սակայն ոչ այնքան պատվաստման ինստիտուտի հետ կապված, այլ, թե պատվաստված անձանց անձնագրերով երկիր մուտք գործելը և դրա վրա խտրականություն դնելը որքանով է իրավաչափ։
«Որևէ փաստաթուղթ, որն ըստ էության կնախատեսեր պատվաստման պարտադիրություն կամ առանձնահատուկ կարգավորումներ, չկար։ Եվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը գնում են բավականին կոշտ միջոցառումների: Պատվաստումների թիվը Եվրոպայում, օրինակ՝ Ֆրանսիայում, հասել է 85 տոկոսի, ռեժիմը բավականին կոշտ է այն առումով, որ չպատվաստված ու ՊՇՌ թեստ չունեցող մարդկանց չեն թողնում ժամանցի վայրեր»,- ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։
ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նույնպես անդրադարձավ պատվաստումների թեմային՝ ընդգծելով, որ դրա մասին վաղուց էր ուզում խոսել։
«Ժողովուրդ ջան, այսօր կորոնավիրուսից մահացել է 43 մարդ, այս պահի դրությամբ աշխարհում դեռևս չի ստեղծվել մի բան, որը պատվաստումից ավելի էֆեկտիվ կլինի։ Հանրահայտ փաստ է, որ պատվաստումները 100 տոկոսով չեն պաշտպանում մարդուն վարակվելուց, սակայն ապացուցված փաստ է, որ պատվաստված լինելն էականորեն նվազեցնում է վարակվելու ռիսկը և այն ծանր տանելու ռիսկերը։ Այս պահի դրությամբ այլ ավելի արդյունավետ միջոց չկա»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։
Նա լրագրողներին կոչ արեց չմասնակցել տարբեր մանիպուլյատիվ քննարկումների, որոնք վերաբերում են պատվաստումներին։
«Եկեք գոնե այս մի հարցում, կարևոր չէ՝ իշխանություն է, ընդդիմություն է, մի գիծ ունենանք, այսօր 43 մարդ է մահացել կորոնավիրուսի պատճառով»,- հավելեց ԱԺ փոխնախագահը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում