Այս լուսանկարներում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ներկայացնում եմ հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները. Արման Թաթոյան
Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել էր, որ Պապի հետ անհատական ձեքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի լինում, հնարավոր է միայն ողջունել՝ 1-2 րոպե առավելագույնը տևողությամբ:
Երբ Սրբազան Քահանայապետը մոտեցավ ինձ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց ինձ և ասաց, որ ես հատուկ խոսք ունեմ ասելու: Այդ պահին, նախ, երախտագիտությունս հայտնեցի Հռոմի Պապին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հարձակումները դադարեցնելու, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունների համար:
Այնուհետև, նշեցի, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի առաջ անօրինական պահվում է Ադրբեջանում և խոսեցի ՀՀ սահմանային բնակչությա դեմ ադրբեջանական խախտումների մասին:
Այդ պահին նաև նշեցի, որ ինձ հետ բերել եմ այդ ամենն ապացուցող զեկույցներս ու հանձնեցի Պապին:
Սրբազան Քահանայապետը վերցրեց զեկույցները, բացեց թերթեց և տեսավ նաև դաժանությունների վերաբերյալ նկարները: Շնորհակալություն հայտնեց կարևոր զեկույցների համար ու ասաց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այս հարցը նույնպես քննարկել են:
Հետո օրհնության անհատական ողջույնի ժամանակ նորից հատուկ շնորհակալություն հայտնեց կարևոր աշխատանքի և զեկույցները փոխանցելու համար: Առանձին հանձնարարեց նաև իր օգնականին ուսումնասիրել և իրեն առանձին ներկայացնել դրանք:
——
Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել. առաջինն այսպես կոչված «ռազմավարի պուրակի» մասին, որը մարդկային տառապանքների թանգարան է բաց երկնքի տակ, որի հիմքում հայատյացությունն է: Զեկույցն ապացուցում է, որ «ռազմավարի պուրակը» ավելի է խրախուսում ատելությունը:
Երկրորդ զեկույցն Ադրբեջանի պատասխանատվության մասին է հայ գերիներին խոշտանգելու համար՝ հիմնավոր ապացույցներով, իսկ երրորդը՝ գերիների ցուցմունքները քրեական գործի հիմքում դնելու արգելքի վերաբերյալ է:
Զեկույցը հիմնավորում է, որ ադրբեջանական իշխնությունները հայ գերիների նկատմամբ անօրինական քրեական դատավարություններ են հարուցել նրանց այն ցուցմունքների հիման վրա, որոնք ստացել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով: