Ավարտվել է խարդախությամբ 445.830 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչը քենակալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Արմավիրի մարզում հողատարածքներ ձեռք բերելու, դրանցում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու, այն է՝ դեղձի այգիներ հիմնելու, կոնյակի գործարան կառուցելու և կոնյակ արտադրելու շուրջ, և իր կողմից առաջարկված ու համատեղ մշակված բիզնես-ծրագիրն իրագործելու պատրվակով, 2018թ. նոյեմբերից մինչև 2019թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ստացել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Որպեսզի առավել արժանահավատ լինի ներկայացված բիզնես-առաջարկը, էջմիածնի բնակիչը, քենակալին տվել է այլ անձանց պատկանող անշարժ գույքի գրանցման վկայականներ և խաբելով, թե, իբր, դրանք ձեռք է բերել՝ բիզնես-ծրագրում ծախսեր կատարելու նպատակով անշարժ գույքերի գրավադրմամբ բանկերից վարկեր ստանալու համար, պահանջել և հետ է ստացել դրանք, ինչից հետո իր կնոջ անվամբ, 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով, գրանցել է ՍՊ ընկերություն, որի տնօրեն ձևակերպվել է ինքը և դեղձից կոնյակ ստանալու հեղինակային իրավունքը նշված ընկերության անվամբ գրանցելու հետ կապված վճարումներ կատարելու պատրվակով պահանջել և քենակալից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Քննությամբ պարզվել է, որ Էջմիածնի բնակիչը նշված ժամանակահատվածում քենակալից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 445.830 ԱՄՆ դոլար գումար, որը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է՝ բիզնես-ծրագրով նախատեսված որևէ գործարք և ծախս չկատարելով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածնի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: