ՀՀ նախագահն Իտալիայում կհանդիպի Մարիո Դրագիի հետ. կստորագրվի հուշագիր

Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցի երկրորդ օրը սկսվում է Կիջի պալատում, որտեղ վաղ առավոտյան նախատեսված է հանդիպում Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ։ Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, երկու երկրների օրակարգում տնտեսական հարցերն են, փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները։

Այս հանդիպումից հետո Քուիրինալե պալատում կկայանա հրաժեշտի պաշտոնական արարողությունը։

Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը լինելու է Լա Սապիենցա համալսարանը, որը Եվրոպայի ամենամեծ համալսարանն է։ Այստեղ նախատեսված է փոխըմբռնման հուշագրի ստորագրում այդ համալսարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև

Հռոմի Լա Սապիենցա համալսարանն ունի մոտ 700 տարվա պատմություն, Միջազգային վարկանիշային աղյուսակներում այն Իտալիայի ամենաառաջատար համալսարանն է՝ հետազոտության որակի, կրթության, միջազգային համագործակցության մակարդակով։ Համալսարանն առաջարկում է բակալավրիատի և մագիստրոսական 270 ծրագիր, որից 30-ն՝ անգլերենով։ Լավագույն ուսանողների համար կրթությունն անվճար է։

Արմեն Սարգսյանի պետական այցի երկրորդ օրը կավարտվի Լևոնյան վարժարանում՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։

Տեսանյութեր

Լրահոս