Ալեն Սիմոնյանին հետաքրքրում էր իմ պահվածքը, թե ինչպես եմ ինձ դրսևորելու, եթե խորհրդարանում հայտնվի իրենց առաջնորդը. Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածությունը հնարավոր է առաջադրել նույնիսկ  6-7-րդ անգամ, քանի որ չեն պատրաստվում առաջնորդվել իշխանության քմահաճույքով:

Ինչ վերաբերում է Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելուն և դրա ուղղությամբ իշխանության անգործությանը, Գեղամ Նազարյանն ասաց, որ կիսում է այն տեսակետները, որ իշխանությունը ցանկանում է վիժեցնել հանձնաժողով ստեղծելու գործընթացը, քանի որ մինչև այժմ  որևէ օրակարգ չկա, ընդդիմության բոլոր առաջարկները մերժվում են:

«Այդ ամենը խոսում է այն մասին, որ գործ ունենք գործընթացի գիտակցված տապալման հետ: Վախերն իշխանության մոտ մշտական բնույթ ունեն, բայց կոնկրետ այս դեպքում նրանք խնդիր ունեն, որպեսզի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մատնվի անգործության, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են ամենօրյա ռեժիմով քննարկումներ: Սակայն մեզ մերժում են, տապալում են նիստը: Սակայն նրանք մեծ հաճույքով անդրադառնում են նախագահի տեղակալի ընտրության հարցին և այդ ամենը վերածում շոուի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը:

Ըստ նրա, ընդդիմությունն առաջարկել ու պահանջել է ընդհանուր քննարկում՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որին պետք է հրավիրեին ԱԱԾ տնօրենին, Պաշտպանության նախարարին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, սակայն այդ հարցն այդպես էլ հստակ չքննարկվեց և տարբեր պատճառաբանություններով հետաձգվեց:

«Իրականում սա մեկ մարդու քմահաճույք է, ոչ թե Քոչարյան Անդրանիկի կամ հանձնաժողովի այլ անդամի, սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի քմահաճույքն է, ես այստեղ նրա ձեռագիրն եմ տեսնում:

Նրա նպատակն այս հանձնաժողովի աշխատանքների ձախողումն է, քանի որ այս հանձնաժողովում բազմաթիվ հարցեր պետք է քննարկվեն և բազմաթիվ հարցերի պատասխաններ պետք է փորձենք ստանալ, այս իրավիճակում սա իրեն բոլորովին ձեռնտու չէ: Այսօր մենք թեկուզ փակ ռեժիմով պետք է քննարկեինք, թե այդ ի՞նչ են արել Դավիթ Տոնոյանը և մյուսները, որոնք կալանավորվել են, պետք է հրավիրեինք մասնագետների, հասկանալու համար, թե դիրքերում ինչպես է, ում և ինչ հրամանով մեր զորքերը հետ քաշվեցին, ինչպես Իրանի հետ կարևորագույն ճանապարհը հանձնվեց Ադրբեջանին»,- հավելեց Գեղամ Նազարյանը:

Գեղամ Նազարյանն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե ինքը հաճախ է հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Նա նշեց, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, քանի որ նրա հետ հանդիպել է մեկ անգամ նրա հրավերով, որի ժամանակ ԱԺ նախագահը ցանկացել է իրեն հետաքրքրող մի շարք հարցեր տալ:

«Նրանց հետաքրքրում էր իմ պահվածքը, թե ինչպես եմ ինձ դրսևորելու, եթե խորհրդարանում հայտնվի իրենց առաջնորդը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Արթուր Ղազինյանը հինգերորդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում՝ իշխանական պատգամավորները նրան դեմ քվեարկեցին:

Տեսանյութեր

Լրահոս