Շատ ասեցինք մեր ժողովրդին, որ հես ա գնում ենք Բաքու՝ չայ խմենք. Անդրանիկ Քոչարյան
«Ռոբերտ Քոչարյանին ես մեկնաբանելու որևէ ցանկություն չունեմ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ոսկեեղնիկ հայերենով մեկ-մեկ այնպիսի դարակազմիկ մտքեր է ասում, որ իր մասին խոսելը պարզապես ծիծաղելի է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց պատերազմի պատճառների մասին ՀՀ Երկրորդ և Երրորդ նախագահների վերջին հայտարարություններին:
Նկատենք՝ Անդրանիկ Քոչարյանը, որը, այս կերպ, ըստ էության ծաղրում է Քոչարյանի հայերենը, ցայսօր չգիտի, որ հայերենը լինում է ոչ թե «ոսկեեղնիկ», այլ «ոսկեղենիկ»:
Հարցին, թե ի՞նչ գործարքի մասին է խոսում Ռոբերտ Քոչարյանը` իշխանական պատգամավորը պատասխանեց. «Եթե ինքը գիտի, ոչ ոք իրեն չի խանգարում՝ այդ գործարքի մասին գնա և հայտնի նախաքննական մարմնին»:
Հիշեցնենք՝ Երկրորդ նախագահը մասնավորապես ասել էր, որ հիմնավոր կասկած կա մտածելու, որ այստեղ գործարք է եղել, որ Շուշին հանձնվել է, և որ 5 միլիարդի մասին խոսակցությունները պարապ խոսակցություններ չեն:
Թե ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսում Ալիևը՝ հարցին ի պատասխան էլ՝ նա նկատեց. «Ես կարծում եմ՝ Փաշինյանն ինքը հանդես կգա հանրությանը որոշակի տեղեկատվություն ներկայացնելու, եթե այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա: Բնականաբար, որ խոսակցությունը անպայման պետք է լինի, որովհետև դրա բացակայությունը կարող է ավելացնել լարվածությունը:
Այն, ինչ որ Ալիևն ասում է, դա՝ Ալիևն է, ինչ ուզում է՝ թող ասի, մենք պետք է հետևենք, թե ինչ են ասում ՀՀ իշխանությունները»:
Լրագրողները ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Փաշինյանը Հադրութն ու Շուշին օկուպացված չի համարում, և ի՞նչ պետք է անել այդ տարածքները հետ բերելու ուղղությամբ՝ թե՛ դիվանագիտական, թե՛ անվտանգային ճակատներով:
«Պետք է պատրաստ լինել՝ ինչ-որ հնարավորություն ունենալու ժամանակ մեր երկիրն իր անվտանգային խնդիրներն անթերի կատարի։ Այ, դա արդեն դասեր քաղելն է պարտությունից։ Դուք հիմա հարցադրումներն այնպես եք անում, որ մենք արդեն պետք է նույնիսկ Բաքուն գրավենք. Շատ ասեցինք մեր ժողովրդին, որ հես ա գնում ենք Բաքու՝ չայ խմենք, շատ ասեցինք, որ աշխարհի ամենամարտունակ բանակն ենք։ Մենք ամեն ինչ արեցինք, որ աշխարհի էդ ամենամարտունակ բանակը լինի այդպիսին»,- պատասխանեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում