Բաժիններ՝

Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես կգա համերգով, որի ընթացքում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը: Այն տևական ժամանակ Հայաստանում չի կատարվել: Երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան)։ Երաժշտախմբերը ելույթ կունենան Գերմանիայից ժամանած դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ:

Մենակատարներն են Ֆրանցիսկա Բոբեն (սոպրանո), Սեդա Ամիր-Կարայանը (ալտ), Մարտին Փեթցոլդը (տենոր), Դասթին Դրոսձիոկը (տենոր), Յենս Համանը (բաս), Անդրեաս Շայբները (բաս)։

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» մեծակտավ ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է 1727 թվականին: Երկը բաղկացած է 78 մասից։ Այն երաժշտական ժառանգության գագաթնակետերից է։ Հետաքրքրական է, որ Բախը հոգևոր թեմատիկայով հեղինակել է 4 կամ 5 «Չարչարանք», սակայն միայն երկուսն են հասել մեր օրերը։ Բախի երկու «Չարչարանքներն» էլ բազմիցս հնչեցվել են թե՛ հեղինակի, թե՛ հաջորդող սերունդների կողմից։

Ֆիլիպ Ամելունգն առաջին անգամ չէ, որ համագործակցելու է հայաստանյան կոլեկտիվների հետ։ 2020 թվականին մեր երկրում ներկայացվել էր Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը։ Նախորդ տարի դիրիժորը նշել էր՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ շատ հարմար է աշխատել, և երկրում երաժշտության կատարման մակարդակը շատ բարձր է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս