«Մենք մի բուռ ժողովուրդ ենք, մեր «ես»-ը մի կողմ պետք է դնենք ու ինչ անում ենք՝ անենք հանուն ընդհանուրի». Տեր Անդրեաս քահանա Թավադյան

Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվ տեր Անդրեաս քահանա Թավադյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմից յուրաքանչյուր հայ պետք է վերստին վերանայի իր արարքները։

«Ամեն մի հայ պետք է անդրադառնա իր կյանքին, արարքներին, սխալներին ու բացթողումներին, որպեսզի թույլ տված սխալներն այլևս չկրկնվի և հնարավոր լինի նոր հաղթանակներ կերտել։ Մենք մի բուռ ժողովուրդ ենք, մեր «ես»-ը մի կողմ պետք է դնենք ու ինչ անում ենք՝ անենք հանուն ընդհանուրի։ Եթե ամեն մեկս մեր մասին մտածենք, այլ ոչ թե ընդհանուրի ու երկրի, սխալներ շատ-շատ դեռ կլինեն»,- 168.amի հետ զրույցում ասաց տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

Ըստ նրա, այսուհանդերձ պետք է հավատքով ապրել և շենացնել հայրենիքը՝ այն  մեծացնելով։

«Ես չգիտեմ, թե մենք որտեղ ենք թերացել, որ այսօր այս իրավիճակում ենք, բայց թերացել ենք զինվորական, քաղաքական ասպարեզներում, այդ թվում՝ հոգևոր ասպարեզում, ամեն տեղում էլ թերացումներ ունեցել ենք։ Եթե որոշ մարդիկ սխալ են եղել, մեր սխալն էլ այն է եղել, որ ժամանակին դրա մասին չենք բարձրաձայնել»,- նշեց քահանան։

Նա նաև նշեց, որ սեպտեմբերի 26-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի է ունեցել հիշատակի երթ, որին մասնակցել են զինվորականներ, հոգևորականներ, բանակի հոգևոր առաջնորդության կողմից էլ բերվել է Աշոտ Երկաթի խաչը։

«Կատարվել է հոգեհանգստյան կարգ, որից հետո երիտասարդները ջահերով ամբողջ քաղաքով քայլեցին մինչև Եղբայրական գերեզման։ Այնտեղ կատարեցինք հոգեհանգիստ։ Երիտասարդները վառված մոմերը տարածեցին ամբողջ գերեզմանոցում, յուրաքանչյուր գերեզմանի վրա դրվեց լույս։ Այնտեղ խորհրդանիշներ կային՝ մեր դրոշը, ապագան խորհրդանշող հղի կինը՝ զինվոր ամուսնու հետ՝ գրկին երեխա։ Այսօր էլ եկեղեցում կատարվեց հոգեհանգստի կարգ, այնուհետև երթով կրկին գնացինք Եղբայրական գերեզմանոց՝ մեր գլուխը խոնարհելու նահատակվածների հիշատակի առջև»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս