Թշնամին Վերին Շորժայում մայիսի 12-ին զբաղեցրած դիրքերում դրոշ է բարձրացրել
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով, որ թշնամին Վերին Շորժայի հատվածում բարձրացրել է իր դրոշը, նշելով, որ Վերին Շորժան «պաշտոնապես օկուպացվել է», և թշնամին դրան զուգահեռ՝ այդ հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա «մատ է թափ տալիս»…
168.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ դրոշը թշնամին իր դիրքերի հատվածում բարձրացրել է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին։
«Այդ դրոշը թշնամին իր խրամատների մոտ է բարձրացրել, մայիսի 12-ին որ դիրքերը զբաղեցրել էին, այդ դիրքերում էլ դրոշ են բարձրացրել։ Դրանք ո՛չ հետ են գնացել, ո՛չ առաջ են եկել։ Ես դեռ չգիտեմ, հայկական կողմը որևէ բողոք ներկայացրե՞լ է այդ ամենի դեմ»,- նշեց գյուղապետը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ գյուղում իրավիճակը նորմալ է. «Կարելի է ասել՝ դրությունը նորմալ է, մարդիկ պատերազմական դրությունում ապրում են»։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։