«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նպաստի գյուղաթափմանը». Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կառավարության  ներկայացրած և արդեն առաջին ընթերցմամբ ընդունված  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և պնդեց, որ նախագիծը մեկ նպատակ է հետապնդում՝ իրականացնել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ.

«ՏԻՄ ընտրությունների նպատակն էլ այն է, որ այն համայնքներում, որտեղ այս իշխանությունը համայնքապետեր չունի, կարողանան փոփոխել։

Մենք պահանջում ենք Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, մեզ արհամարհում են, թե նրանք, թե նույն այս իշխող ուժը, հետևաբար՝ նման պայմաններում առնվազն ճիշտ չի լինելու, որպեսզի մտնենք իրենց օրակարգ և ինչ-որ բաներ քննարկենք։ Հարց՝ կանչե՞լ են արդյոք այդ համայնքների ղեկավարներին, հարցրե՞լ են նրանց կարծիքը։ Այս ապաշնորհ և դավաճան իշխանություններից ես ամեն ինչ սպասում եմ, այո, գուցե «փնջերով» գյուղերը հանձնեն»,- նշեց Վահե Հակոբյանը։

Ըստ նրա՝ հետևողական են լինելու այնքան ժամանակ, մինչև ժողովուրդն էլ զգա, թե այսօր իրեն ինչ վտանգներ են սպառնում իրականում։

Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, Վահե Հակոբյանն ասաց, որ դեռևս հուլիսին են ասել, որ ՀՀ սահմանը հատել ու հիմնավորվել են մոտավորապես հազար ադրբեջանցի զինվոր։

«Հիմա նրանք ակտիվ ինժեներական աշխատանքներ են անցկացնում, ենթադրում եմ, որ պատրաստվում են ձմռան և պատրաստվում են մեր մեջքի հետևում տեղի ունեցած այն պայմանավորվածություններին, որոնք, կարծում եմ, որ մոտ ապագայում կլինեն, ճանապարհ, «միջանցք» և այլն։ Ներկայիս իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նպաստի գյուղաթափմանը»,- նշեց նա։

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի առաջադրվելուն, Վահե Հակոբյանն ասաց, որ մեծ հույսեր ունի, որ Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 17-ին կվերընտրվի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնում։

«Քարոզարշավ կիրականացնի նրա հայրը, զինակիցները ու մենք բոլորս։ Ցուցակում լինելու է նաև նրա տեղակալ և արդեն կալանավորված Մենուա Հովսեփյանը և մյուս տեղակալը Իրինա Յոլյանը, որոնք այլևս  նրա տեղակալները չեն՝ դատարանի որոշմամբ նրանց լիազորությունները դադարեցվել են»,- ընդգծեց ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս