«Ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի համայնքների խոշորացման ապօրինի օրենքը». Արամ Վարդևանյան
Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ, որի օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է, որը խորհրդարանը պետք է ընդունի երկու ընթերցմամբ։
Նիստի մեկնարկից հետո ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ այդ նախագիծն ակնհայտ ապօրինություն է, հետապնդում է քաղաքական նպատակ՝ միտված անցանկալի համայնքապետերից ազատվելուն, հետևաբար՝ չեն մասնակցելու նիստին, որից հետո լքեցին դահլիճը։
«Հայաստան» խմբակցության պատգաավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով համայնքների խոշորացմանն ընդհանրապես, նշեց, որ այդ գործընթացը սկիզբ է առել դեռևս 2010-2011 թվականներին և, որպես այդպիսին, ունի տրամաբանություն, այն ձևական նպատակ չի կարող հետապնդել։
«Համայնքների խոշորացումն ունի կոնկրետ միջազգային փորձից բխող տրամաբանություն, այսինքն՝ նպատակը երբեք չի կարող լինել քաղաքական։ Իշխանությունը նկատել է, որ կան համայնքներ, որոնք իրենց չեն աջակցում, ամեն մի հրաման ու ցուցում չի կատարում, դրա համար որոշել են խոշորացում իրականացնել ու փոխել համայնքների ղեկավարներին։ Բայց մինչև փոխելը շատ կարևոր է, որ այս իշխանությունն իրականացնում է մի աննախադեպ երևույթ՝ այդ համայնքների ղեկավարների փոխարեն՝ նշանակում է պաշտոնակատարներ, որպեսզի այդ պաշտոնակատարները նախապատրաստվեն ընտրություններին։ Այսինքն՝ ամեն ինչ պարզ է, թե ինչ է կատարվում։ Իրականում 2020 թվականի մայիս ամսից ի վեր համայնքների խոշորացման գործընթացը ենթարկվեց կտրուկ փոփոխության»,- իշխանությունների մտադրություններն այսպես պարզաբանեց Արամ Վարդևանյանը։
Ըստ նրա, Սահմանադրական դատարանը հստակ ամրագրել է, որ համայնքների խոշորացումը երկու պարտադիր պայմանի պետք է բավարարի՝ փոքր համայնքների դեպքում դա լսվելու իրավունքն է, երկրորդը՝ տեղական հանրաքվեն է։ Լսելի լինելու իրավունքը չի նշանակում՝ մի քանի համայնքի ղեկավարների հետ ԱԺ-ում հանդիպում-լսում կազմակերպել։
«ՍԴ-ի որոշում չկատարելը հանցանք է։ Այսօր ԱԺ նիստերի դահլիճում ֆիքվեց, որ այս պրոցեսն իրենից ներկայացնում է հանցանք, սա բարոյականության տիրույթում է։ Ակնկալում ենք, որ ՀՀ նախագահն այս ապօրինի գործընթացում չի ստորագրի օրենքը, որը, վստահ եմ, որ ընդունվելու է»,- հավելեց Արամ Վարդևանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են, հանրության մեծ մասին զայրացրած Առողջապահության նախարարի օգոստոսի 26-ի հրամանի վերաբերյալ դիմելու են Սահմանադրական դատարան։
«Դիմելով Սահմանադրական դատարան՝ խնդրելու ենք կասեցնել այդ հրամանի գործողությունը»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը։