«ԱԱԾ-ի հայտարարությունը, թե քաղաքացիները մոլորվել են, ուղղակի անհեթեթություն է». Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանամերձ գյուղերում կյանքը շարունակում է մնալ ոչ անվտանգ՝ որքան էլ փորձեն աչք փակել այդ ամենի վրա կամ դարձնել սովորական երևույթ։

«Մարդիկ դժվարություններ ունեն իրենց կյանքն այդ հատվածներում կառուցելու համար, մարդիկ ուղղակի անվտանգ միջավայր են ուզում, որը մենք չունենք։ Բացի կրակոցներից, Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում տեսել ենք, որ թշնամին անիվներն այրել ու գլորել է դեպի մեր կողմ, որի արդյունքում այրվել են խոտհարքներ։ Ստացվում է, որ մարդիկ անասուն չունեն, քանի որ թշնամին դրանք գողացել է, հիմա էլ խոտ չունեն, դրա համար որևէ փոխհատուցում չկա, ես բազմաթիվ նամակներ եմ ուղարկել, դրա մասին բարձրաձայնել, հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին, սակայն որևէ ուղիղ պատասխան չեմ ստացել»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհին, պատգամավորն ասաց, որ սա խոցելի հարց է, քանի որ չգիտի, թե ինչ միջազգային իրավակարգավորմամբ  կամ գուցե բանավոր  պայմանավորվածությունների հիման վրա է ադրբեջանական զինուժը վերահսկողություն սահմանել Գորիս-Կապան ճանապարհահատվածի վրա։

«Նույնիսկ այն քարտեզները, որոնք իշխանական տարբեր ներկայացուցիչներ անընդհատ վկայակոչում են, որ դրանց հիման վրա է ադրբեջանական կողմը ներխուժել, և դա իրենց տարածքն է, չեմ հասկանում՝ ինչո՞ւ են հենց դրանք բերվում որպես օրինակ, իսկ այն քարտեզները, որոնք մի քիչ հայկական կողմի օգտին են՝ չեն դրվում կիրառության մեջ։ Նաև ինձ համար անհասկանալի է, թե ինչու է ՀՀ կառավարությունը շարունակում սպասարկել ադրբեջանական շահը և արդարացնել ադրբեջանական գործողությունները։ Ինչո՞ւ է նա անում քայլեր, որոնք նույնիսկ տարիներ հետո Հայաստանը չի կարողանալու շտկել»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։

Անդրադառնալով իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն ձևակերպմանը, թե հո Տիգրան Մեծի ժամանակվա քարտեզներո՞վ չենք սահման որոշելու, Թագուհի Թովմասյանն ասաց, որ միշտ էլ կարելի է ցինիզմի հասնող ձևակերպումներ անել, հեգնել, բայց պետք է հասկանալ, թե ինչի շուրջ է ընթանում դիսկուրսը. մինչդեռ խոսքը  ՀՀ սահմանի, տարածքի մասին է։

«Նույն նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության մեջ որևէ բան չկար Սյունիքի սահմանների վերաբերյալ, և մեզ պետք է բավականին մեծ տարածք մնար։ Ստացվում է, որ կորցրեցինք ոչ միայն Արցախի մեծ մասը, այլև հիմա Սյունիքն ենք կորցնում։ Իսկ ԱԱԾ-ի այն հայտարարությունը, թե քաղաքացիները մոլորվել ու անցել են սահմանը՝ ուղղակի անհեթեթ հայտարարություն է, հետևաբար՝ ծաղրել ողջ հանրությանը և ասել՝ մոլորվել են, կարծում եմ՝ լավագույն լուծումը չէ։ Որպես ԱԱԾ՝ նրանք պարտավոր են ապահովել մեր անվտանգությունը, այլ ոչ թե արդարացնեն Ադրբեջանի գործողությունները»,- ընդգծեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս