Մթերման գնից դժգոհող խաղողագործների բողոքի ձայնը մեկ երկու ժամից հանդարտվեց….

168.am-ի խմբագրությունը ժամը 15:00-ի սահմաններում ահազանգ էր ստացել Արարատի մարզի մի խումբ խաղողագործներից, թե Պռոշյանի կոնյակի գործարանը նախապես պայմանավորված 1կգ խաղողի համար 130 դրամ վճարելու փոխարեն՝ իրենց առաջարկում է մթերել 115 դրամով, բացի այդ, մթերված խաղողի գումարից 10%-ը պահում են՝ առանց որոշակի հստակեցման:

Խաղողագործները ասել էին, թե խաղողը կա՛մ չեն ընդունում, կա՛մ ընդունում են շատ էժան, որ խաղողով բարձված տասնյակ մեքենաներ կան Այգեստանում՝ գործարանի հարակից տարածքում, ու խնդրել էին ուշադրություն հրավիրել իրենց խնդրին՝ դրան որևէ կերպ լուծում տալու համար:

Խաղողագործների խնդրին ծանոթ էինք, ավելի վաղ ներկայացրել էինք նրանց  դժգոհություններն ու բացատրությունները, ուստի այս անգամ էլ 168.am-ի նկարահանող խումբը շտապեց Արարատի մարզի Այգեստան գյուղ, որտեղ, իսկապես, «Պռոշյան» գործարանի դիմաց խաղողով բարձված տասնյակ մեքենաներ էին կանգնած:

Այն պահին, երբ մեր նկարահանող թիմը սկսել էր ուղիղ հեռարձակմամբ իր աշխատանքը, Պռոշյանի կոնյակի գործարանից դուրս էին եկել մի քանի աշխատակից, ինչից անմիջապես հետո մթերումից բողոքող խաղողագործները սկսեցին գոհունակություն ու շնորհակալություն հայտնել Պռոշյանի կոնյակի գործարանից, մթերման գնից ու պայմաններից: Ահազանգած քաղաքացիների մի մասն էլ պարզապես հրաժարվեց մինչ այդ բարձրացրած խնդրի մասին տեսախցիկի առաջ հայտնել: Կարելի է ենթադրել, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ խնդրի լուծում էին գտել:

Հ.Գ. 168.am-ը ուրախ է, որ խաղողագործների խնդիրը լուծվեց:

 

 

Տեսանյութեր

Լրահոս