Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը շարունակում է հանդիպումները ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում շարունակում է բարձր մակարդակով հանդիպումները։

Ինչպես հաղորդում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը, Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ: Վրացական կառավարության ղեկավարը Անտոնիո Գուտերիշին շնորհավորել էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ նրան շնորհակալություն հայտնել համավարակի դեմ պայքարում Վրաստանին աջակցություն ցուցաբերելու համար: Ընդգծվել է ՄԱԿ-ի դերը Ժնեւի միջազգային բանակցություններում եւ նշվել կոնկրետ, շոշափելի արդյունքների ձեռքբերման անհրաժեշտությունն այդ ձեւաչափում:

Ինչպես հայտարարել է Ղարիբաշվիլին, Վրաստանի կառավարությունը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ղարիբաշվիլին նաեւ հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լավիտսի հետ: Կողմերը հաստատել են երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու եւ էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը:

Կողմերը նաեւ ողջունել են Վրաստանի եւ Լատվիայի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, ինչը, նրանց կարծիքով, լավ հիմք կստեղծի զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացման համար: Վրացական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, Նյու Յորք է ուղեւորվել երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին: Այցի շրջանակներում սեպտեմբերի 24-ին պլանավորվել է վրացական պետության ղեկավարի ելույթը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական 76-րդ նստաշրջանը երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, բացվել է Նյու Յորքում: Սեպտեմբերի 21-ից մինչեւ 27-ը նստաշրջանում պլանավորվել են ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների ելույթները, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս