Ֆիզգորոդոկում մոտ 5 օր դադարից հետո կրկին փորման աշխատանքներ են սկսվել
«Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում մոտ 5 օր դադարից հետո կրկին փորման աշխատանքներ են սկսվել՝ շինհրապարակով անցնող գազատարի հարևանությամբ:
Բնակիչների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 17-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Երևանի քաղաքապետարանի տեսչական մարմնի և «Գազպրոմ Արմենիայի» տեսուչի ուղեկցությամբ այցելել են Ֆիզգորոդոկ` տեղում արձանագրելու «Ռատկո» ՍՊԸ-ի գործողությունները:
«Հանձնախումբն արձանագրել էր, որ բնակիչների գազամատակարարումն ապահովող գազատար խողովակն անցնում է շինհրապարակով` ընթացող փորման աշխատանքների անմիջական հարևանությամբ, ինչը շինհրապարակի կազմակերպման լուրջ խախտում է: «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչը բնակիչներին ասաց, որ կառուցապատողը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղափոխել ցանկապատն այնպես, որ խողովակն այլևս ընդգրկված չլինի շինհրապարակում: Տեսչական մարմնի ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ «Ռատկո» ՍՊԸ-ն գրավոր ծանուցում է ստացել դրա վերաբերյալ:
Սեպտեմբերի 18-ից չաշխատեցին, սակայն սեպտեմբերի 22-ին ծանր շինարարական տեխնիկան նորից գործի է դրվել, ողջ օրվա ընթացքում իրականացրել են փորման աշխատանքներ` շինհրապարակով անցնող գազատարի հարևանությամբ: Ցանկապատի տեղափոխման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվել»,- մեզ հետ զրույցում ասացին բնակիչները՝ հավելելով, որ ակնկալում են իրավապահ և պատկան մարմինների ուշադրությունը՝ ապօրինությունների հետ կապված:
Հավելենք, որ Ֆիզգորոդոկի կառուցապատման անօրինական գործընթացների շղթան սկսվել է 2004թ., երբ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ճանաչել է Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքը գիտավանի տարածքում 50,8 քմ մակերեսով նկուղի և 1976,1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: 2006 թվականին նույն տարածքը սեփականության իրավունքով վերագրանցվել է Անդրանիկ Բալասանյանի և «Ռատկո» ՍՊԸ անուններով, որոնք էլ ներկայում իրականացնում են շինարարությունը: