Բաժիններ՝

«Եթե որևէ արարողակարգով դրոշը պաշտոնապես դրվեր, կասեինք՝ եթե դրվել է, ուրեմն չպետք է հանվի, իսկ եթե հանվում է՝ որոշակի հետևանքներ պետք է ունենա». Արցախի թեմի առաջնորդ

Սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմը որոշել է GPS-ով նոր սահմաններ գծել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, և GPS-ով գնացել են Մաճկալաշեն ու որոշել են, որ իրենց դիրքերը պետք է առաջ տան, միաժամանակ պահանջելով, որպեսզի Ամարասի վանքի վրայից հանվի Արցախի դրոշը։ Սակայն ռուսական կողմը նրանց հետ է շպրտել և հայկական կողմին հորդորել հանել Արցախի դրոշը և փոխարենը դնել ՀՀ դրոշը։

168.amի հետ զրույցում  Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասաց, որ պաշտոնապես Արցախի դրոշը Ամարասի վանքի վրա չի դրվել, ուղղակի մարդիկ փայտի վրա ամրացրել են դրոշը և դրել են պատի վրա։

«Եկեղեցում մեր խաչն ունենք, բավական է, դրոշը մարդիկ են դրել պատի վրա, ռուսական դրոշն է եղել, հանել՝ Արցախինն են դրել, հետո՝ Հայաստանինը, պաշտոնապես եկեղեցու վրա Արցախի դրոշը չի բարձրացվել։ Եթե որևէ արարողակարգով դրոշը պաշտոնապես դրվեր, կասեինք, որ եթե դրվել է, ուրեմն չպետք է հանվի, իսկ եթե հանվում է, այն որոշակի հետևանքներ պետք է ունենա։ Նախկինում ռուսական դրոշն է եղել, որը հանել են, որևէ խոսակցություն եղե՞լ է, չի եղել, բա տեսնո՞ւմ եք»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը։

Ըստ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, հայ ուխտավորները շարունակում են գնալ Ամարասի վանք, հոգևորականն այնտեղ պատարագներ է մատուցում, մարդիկ մատաղ են անում։

«Մարդիկ հիմա բերքահավաք են անում, իրենց խաղողի բերքն են հավաքում։ Քիչ առաջ խոսեցի այնտեղի մարդկանցից մեկի հետ, ասաց, որ բերքն է հավաքում, ասացի՝ ուրախությամբ օգտագործես, որևէ խնդիր չկա։ Ես չգիտեմ, թե թշնամին ինչ նպատակ է հետապնդում, հեղհեղուկ վիճակ է, թշնամին տարբեր տեսակի սադրանքների է դիմում, որպեսզի բերքահավաքի ժամանակ մարդկանց հոգեբանության վրա ազդեն։ Երբ բերքահավաքը չկար, նման բան չկար, իրենք հեռվում նստած էին, նրանց դեմքն էլ տեսանելի չէր, բայց որ այդ հատվածներում բնակիչներն ակտիվացել են, ուզում են ինչ-որ բանով ցույց տան, որ Ադրբեջանն այնտեղ գործոն է։ Ռուս խաղաղապահներն էլ նրանց ասել են, որ սադրանքների չդիմեն»,- եզրափակեց Արցախի թեմի առաջնորդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս