Կրեմլում դժվարացել են ասել, թե Պուտինը երբ դուրս կգա ինքնամեկուսացումից
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առայժմ դժվար է հայտնել ինքնամեկուսացումից պետության ղեկավարի դուրս գալու ամսաթիվը, սակայն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն աշխատում է հեռավար կարգով։ «Ո՛չ, առայժմ ստույգ ձեզ չեմ կարող ասել:
Բայց ես եւս մեկ անգամ կրկնում եմ. դուք տեսնում եք՝ գրաֆիկը բավականին հագեցած է, ուստի, իսկապես, աշխատանքային գործընթացի վրա ոչ մի ձեւով դա չի ազդում ու չի փոխում»,-Պեսկովը սեպտեմբերի 22-ին ասել է լրագրողներին: Նա հավելել է, որ առայժմ դժվար է ասել, թե նախագահն ինչպես կանցկացնի իր ծննդյան օրը (հոկտեմբերի 7): «Ընթանում է աշխատանքային առօրյա, ուստի ես ձեզ ստույգ չեմ կարող ասել: Բայց, ինչպես կարգն է, ծննդյան օրը նախագահն, այդուհանդերձ, ինչ-որ ձեւով կդիմավորի ե՛ւ ընկերների, ե՛ւ հարազատների հետ»,-պարզաբանել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը:
Պեսկովը հավելել է, որ դեռ շատ ժամանակ կա մինչեւ նախագահի ծննդյան օրը եւ ստույգ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքնամեկուսացումը կավարտվի մինչեւ այդ ժամանակը: Սեպտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Պուտինը կարանտինի է անցել «նրա շրջապատում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հայտնաբերման կապակցությամբ»: Այդ մասին հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ավելի ուշ Պեսկովը պարզաբանել է, որ Պուտինը ինքնամեկուսացման ռեժիմի է անցել այն բանի առնչությամբ, որ նա կոնտակտային անձ է նրա շրջապատում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հայտնաբերումից հետո: Անցած հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ պետության ղեկավարն ինքնամեկուսացման ռեժիմում կգտնվի առնվազն մեկ շաբաթ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: