Անվադահուկային սպորտի առաջնությունը բացառիկ է եղել աղջիկների մասնակցության առումով
Գյումրին երկրորդ անգամ հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի անվադահուկային առաջնությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը շեշտեց, որ առաջնության առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ այս տարի աղջիկների մասնակցությունը բացառիկ շատ էր:
«Այս տարի առաջնության անցկացումը բարձր մակարդակի էր, և դրա համար շնորհակալ ենք Շիրակի մարզպետարանին, Գյումրու քաղաքապետարանին, ոստիկանությանը: Ամենաուրախալին այն է, որ եթե առաջ առաջնությանը մասնակցում էին մի քանի աղջիկ միայն, այս տարի մասնակիցների թիվը գերազանցեց մեր սպասելիքները»,- ասաց Սարգսյանը:
Ֆեդերացիան նպատակ ունի ևս մեկ ցուցադրական ելույթներ կազմակերպել մայրաքաղաք Երևանի փողոցներում հոկտեմբերին:
«Մենք մտահոգվելու տեղ ունենք տղաների մասնակցության հարցում: Սա նաև մեզ համար ստուգատես էր մրցաշրջանի առաջ»,- ասաց նա:
Հայաստանի անվադահուկային առաջնության աղջիկների 3 կմ ձևում Հայաստանի չեմպիոն դարձավ Ռոզա Սիմոնյանը, իսկ տղաների 4 կմ ձևում՝ Սպարտակ Ոսկանյանը: