Եթե երկու հոգի մոլորվում են, ինչ-որ տեղ անցնում են, իշխանություննե՞րն են մեղավոր. ՔՊ-ական պատգամավորը՝ Գորիս-Կապան ճանապարհին ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված անցնելու մասին
Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը հիմնականում պարսկական մեքենաների հետ է կապված: Եթե երկու հոգի մոլորվում են, ինչ-որ տեղ անցնում են, էս իշխանություննե՞րն են մեղավոր: Այս մասին լրագրղների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում Կոտայքի երկու բնակիչների մոլորվելու ու ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք անցնելու դեպքին:
Դիտարկմանն էլ, թե վստա՞հ է, որ քաղաքացիները մոլորվել են, Մելքոնյանն արձագանքեց, թե պաշտոնական հաղորդագրության մասին է խոսում:
«Ես այնտեղ չեմ եղել, որ տեսնեմ՝ այդ մարդիկ գնացին, թե իրենց հրեցին, տարան: Պաշտոնական ասում են՝ մոլորված են: Եթե իրենք հետ են եկել, պետք է ասեն՝ մեզ գողացել են, առևանգել են: Թող ասեն: Հիմա կան, չէ՞, այդ մարդիկ, կենդանի են, թող ասեն, որ իրենց առևանգել են»,-ասաց իշխանության ներկայացուցիչը: