Հանուն Սերժ Սարգսյանի՝ Հրայր Թովմասյանը կեղծում է անգամ ԱՄՆ պատմությունը

Այսօր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախատոնական ասուլիսում հանդիպեց լրագրողների հետ: Այս տարի ՀՀԿ անդամ դարձած Թովմասյանը որոշեց անդրադառնալ ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքական խնդիրների:

Նախ՝ նա հայտարարեց, որ 2013թ. նախագահական ընտրությունները լինելու են աննախադեպ ազատ և արդար: Հետո որոշեց խոսել մրցակցության խնդիրներից, մասնավորապես անդրադարձավ այն մտահոգությանը, որ շատ թեկնածուներ գերադասեցին չառաջադրվել: Այսինքն՝ նախարար Թովմասյանը փորձեց ապացուցել, որ ընտրություններն ազատ և արդար են լինելու ոչ այն պատճառով, որ դրանցում քիչ թվով թեկնածուներ և ավելի քիչ մրցակցություն է լինելու:

Ըստ Թովմասյանի՝ դրական երևույթ է, երբ մարդիկ ադեկվատ են գնահատում իրենց հնարավորությունները և տեսնելով, որ հաղթելու քիչ հնարավորություն ունեն՝ հրաժարվում են առաջադրվել: Նա նույնիսկ մի քանի պատմական օրինակներ բերեց՝ իր ասածն ավելի համոզիչ դարձնելու համար:

Արդարադատության նախարարը հայտարարեց, որ, օրինակ, ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը ևս մրցակից չի ունեցել, բայց դա որևէ կերպ չի անդրադարձել ընտրությունների ժողովրդավարական լինելու վրա: Մեզ մի պահ թվաց, թե Հրայր Թովմասյանն ինչ-որ բան շփոթում է, քանի որ Էյզենհաուերն ուղղակի չէր կարող անմրցակից ընտրվել, դրա քաղաքական տրամաբանությունը տվյալ ժամանակաշրջանում չկար: Մենք փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք նախարար Թովմասյանն ինչ-որ բան չի շփոթում, սակայն նա կրկնեց, որ, այո, Էյզենհաուերը մրցակից չի ունեցել և հանդիսացել է հանրապետականների և դեմոկրատների միասնական թեկնածուն:

Մենք չգիտենք, թե ինչպիսի իրավական գիտելիքներ ունի պարոն Թովմասյանը, բայց որ նրա գիտելիքները պատմությունից, մեղմ ասած, կաղում են՝ դժվար չէ համոզվել: Ընդամենը նշենք, որ Դուայթ Դեյվիդ Էյզենհաուերն ԱՄՆ նախագահ է ընտրվել երկու անգամ`1952 և 1956թթ., և երկու անգամ էլ հանրապետական Էյզենհաուերի մրցակիցը եղել է դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Իլինոյսի նահանգապետ Ադլայ Սթիվենսոնը:

Առաջին ընտրություններում Էյզենհաուերի օգտին է քվարկել ընտրողների 55 տոկոսը, և նա ստացել է 6,5 միլիոնով ավելի ձայն, քան իր մրցակիցը: Ընդունեք, որ 55 տոկոսով հաղթանակը կարելի է համոզիչ հաղթանակ համարել, բայց չի կարելի ասել, որ նա ընդհանրապես մրցակից չի ունեցել:

Մենք հասկանում ենք նախարար Հրայր Թովմասյանի ցանկությունը՝ ինչ-որ կերպ օգնել նախագահ Սարգսյանի ընտրությանը, մասնակցել քարոզչությանը, բայց նույնիսկ նման վեհ և առաքինի նպատակի համար ԱՄՆ և ընդհանրապես որևէ երկրի պատմությունը կեղծելը, կարծում ենք, անթույլատրելի է:

Տեսանյութեր

Լրահոս