«Ես իրավունք չունեմ պարտվելու, ես պարտավոր եմ ապրել ու ինձանով ապրեցնեմ իմ որդուն, ապրեցնեմ նրա հիշատակը…». ապրիլյան պատերազմում նահատակվածի մայր
Ապրիլյան պատերազմում նահատակված հերոս Արամայիս Միքայելյանի մայրը որդու զոհվելուց հետո ուխտ էր արել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի դպրոցի բակում տեղադրել խաչքար նվիրված իր որդուն ու պատերազմի հերոսներին: Նպատակը կարողացան իրականություն դարձնել այս տարվա հուլիսի 21-ին՝ որդու ծննդյան օրը. նա դառնալու էր 25 տարեկան։
«Խաչքար տեղադրելու միտքը ծագել է 2018 թվականից հետո, երբ դպրոցում քանդակագործության խմբակ բացեցի՝ ի հիշատակ իմ որդու, Արամայիսը քանդակագործ էր, այդ խմբակում իր ընկերն էր դասավանդում։ Այդ ժամանակ մտածեցինք, որ հենց երեխաների ստեղծած էսքիզներով էլ կարելի է խաչքար սարքել ու տեղադրել դպրոցի բակում։ Մենք չէինք տարանջատել Արցախյան պատերազմում մեր համայնքի հերոսներին։ Ես իմ այս առաջարկն արեցի տնօրենին, նա համաձայնեց, աշխատանքներ էին ընթանում, բարեկարգում էինք տարածքը, որոշ ժամանակ անց 90-ականներին զոհված տղաների ծնողների կողմից բողոքներ լսեցինք, թե ինչու է նվիրված Արամայիսին, այլ ոչ թե իրենց տղաներին։ Նրանց բացատրեցինք, որ միայն Արամայիսին չի նվիրված՝ նվիրված է լինելու բոլոր հերոսներին՝ ապրիլյանում նահատակված իմ որդու գլխավորությամբ։ Խաչքարը տեղադրել ենք ի նշան խաղաղության, անհոգ մանկության, մանուկների հոգու խաղաղության, որը թույլ կտա ժպտալ և վայելել այն անհոգ տարիների կյանքը, որը մեր հերոս որդիները նրանց պարգևեցին իրենց չապրած երիտասարդ կյանքով։ Խաղաղություն եմ մաղթում բոլոր նրանց, ում համար ծանր է տեսնել սգավոր մայր, քույր և կին, ծանր է տեսնել մոխրացած քաղաք, այգիները դարձած խրամատի ցանց։ Մարդիկ պետք է ճիշտ գնահատեն խաղաղության գինը, լինեն միաբան, սիրով, հավատով և հույսով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արամայիսի մայրը՝ Լիլիթ Ավագյանը։
Խաչքարի տեղադրման աշխատանքներն այդ խոսակցությունների հետ կապված ձգձգվել էին, որին հաջորդել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը։
«Ունեցանք չարաբաստիկ սեպտեմբերի 27-ը ու այս անգամ ունեցանք 44-օրյա պատերազմ, արդեն լրիվ թևաթափ էի եղել, այդ թեմայով արդեն չէի ուզում խոսել ու արդեն Աստված էի կանչում, որ հանկարծ իմ նման մայրերի թիվը չավելանա։ 44-օրյա պատերազմի արդյունքում մեր համայնքում ունեցանք 5 զոհ, նույնիսկ մեկ ընտանիքից 2 որդի, որոնք ընտանիքի ճրագն էին։ Այդ օրերի ընթացքում ամեն ինչ մոռացել էի, մասնակցում էի բոլոր բարեգործական ու կամավորական աշխատանքներին, զինվորների համար շորեր էինք կարում։
Մտքիս ծայրով չէր անցնում, որ 2016 թվականից հետո մենք կունենաք 2020 թվականի պատերազմը, սա պատերազմ չէր, այլ քաոս էր, եթե մենք ասում էինք, որ 2016 թվականին մեր տղաները կանխեցին 2-րդ ցեղասպանությունը, սա ավելի բարդ ձևով եղավ, սա կոտորած էր, պատերազմ չէր։ Երբեք չէի ուզենա՝ մեր տղաները մարտիրոսվեին, ու իմ նման մայրերի շարքերն ավելանար։ Ես այսօր շփվում եմ նրանց ծնողների հետ, խոսքեր չեմ գտնում, որ ասեմ, միայն ասում եմ՝ ապրեք, որ իրենց էլ ապրեցնենք։
Պատերազմից հետո հասկացա, որ հոգուս պարտքն է՝ այդ խաչքարը պետք է դնեինք, առանց նայելու, թե ով է դրան դեմ։ Խաչքարը տեղադրեցինք ու նվիրեցինք արցախյան պատերազմում զոհված՝ համայնքի բոլոր հերոս տղաներին։ Խաչքարի մոտ առանձին քար ենք տեղադրել ու բոլոր ժամանակների զոհված տղաների անունները գրել վրան, տեղադրել ենք նաև ցայտաղբյուր։ Խաչքարի էսքիզը Արամայիսի փայտի վրա կատարած աշխատանքներից է։ Խաչքարը վերջնական տեսքի է բերել Արամայիսի ընկերը՝ խաչքարագործ Սուրենը»,- հավելեց Լիլիթ Ավագյանը։
Ըստ նրա, որդու մահից հետո իր մեջ ուժ է գտել և կարողանում է ապրել՝ հանուն որդու։
«Ինձ թվում է, իմ տղան է ինձ առաջնորդում, դա միայն խոսքեր չեն, ես ամեն պահ զգում եմ նրա ներկայությունն իմ թիկունքում։ Երբ երկնքին եմ նայում, թվում է, թե այնտեղից ազդանշան եմ ստանում՝ իմ քայլերի ճիշտ ու սխալի վերաբերյալ։ Որքան էլ իմ համար դժվար լինի, իրավունք չունեմ պարտվելու, ես պարտավոր եմ ապրել ու ինձանով ապրեցնեմ իմ որդուն, ապրեցնեմ իր հիշատակը, գործը, տեսակը, որպեսզի փոխանցեմ հետագա սերունդներին, որ նման տղաներ ենք ունեցել, նրանք մեկը մյուսից տաղանդավոր էին, նրանք այս ազգը պետք է ծաղկեցնեին»,- շեշտեց նա։
Անդրադառնալով Արցախ-Հայաստան տարաբաժանմանը, Լիլիթ Ավագյանն ասաց, որ Արցախը նույն հայրենիքն է և պետք չէ բաժանել Հայաստանից։
«Ցավ եմ զգում Արցախի այն տարածքների համար, որոնք Ադրբեջանն օկուպացրել է, այնտեղ մեր տղաների արյունն է թափվել։ Հասկանո՞ւմ եք, տպավորություն է, որ իմ մասնիկը մնացել է այդ տարածքներում, իմ տղայի արյունն է այդ հողի վրա, առավել ևս ցավում եմ, որ այդ արյունոտ հողի վրա թշնամին ոտք է դնում։ Դա ինձ համար ցավոտ թեմա է, ինչպե՞ս կարելի է տարանջատել Արցախը Հայաստանից, ախր Արցախի հողի համար մեր տղաները արյուն են թափել, նրանք են իրենց մատաղ կյանքը զոհաբերել։ Վերջապես Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն է, և այսօր կանգնած ենք այն փաստի առջև, որ օդից կախված վիճակում ենք, մեզ պաշտպանող սահմանը չկա։ Մեզ մոտ արդեն օտարության ու անտերության վիճակ է»,- եզրափակեց Լիլիթ Ավագյանը։