ՀՅԴ-ն չի առաջադրի սեփական թեկնածու և չի սատարի որևէ մեկի թեկնածությանը
Ինչպես հայտնի է, երեկ կայացել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն ժողովը: Ժողովի օրակարգում եղել է մեկ հարց`2013 թ. փետրվարին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձևաչափը:
Ժողովին մասնակցել են ՀՅԴ նախորդ Գերագույն ժողովի պատգամավորները: 168.am-ի տեղեկություններով` ժողովի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` առաջարկելով չառաջադրել որևէ թեկնածու նախագահական ընտրություններում և չսատարել որևէ մեկի թեկնածությունը: Առաջարկությանը եղել են ընդդիմացողներ, սակայն քանի որ ժողովի պատգամավորների մեծամասնությունը կազմված է եղել Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ մյուս ղեկավարների կողմնակիցներից, առաջարկությունը ստացել է մեծամասնության հավանությունը:
Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերին, նախագահական ընտրություններին ընդհառաջ, ՀՅԴ հանդես եկավ 7 կետանոց ծրագրով, որի հիման վրա դեկտեմբերին կազմակերպված հրապարակային քննարկման ժամանակ Դաշնակցությունը հայտարարեց միասնական օրակարգով և ճանապարհային քարտեզով դեպի նախագահական ընտրություններ գնալու հրամայականի մասին: