Ավստրալիան առնվազն 8 ատոմային սուզանավ կստանա AUKUS-ի շրջանակներում
Ավստրալիան առնվազն 8 ատոմային սուզանավ կստանա AUKUS պաշտպանական դաշինքի շրջանակներում, ասվում է վարչապետ Սքոթ Մորիսոնի եւ երկրի եւս երեք նախարարների համատեղ հայտարարության մեջ: Այդ մասին ասվում է ավստրալական կառավարության ղեկավարի պաշտոնական կայքում:
Ավելի վաղ Մորիսոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել են պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը: Այս դաշինքի շրջանակներում առաջին նախաձեռնությունը կդառնա ատոմային սուզանավերի ստեղծումը Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար:
«AUKUS-ի շրջանակներում երեք երկրները անհապաղ կերպով կկենտրոնանան լավագույն ուղու որոշման վրա՝ առնվազն ութ ատոմային սուզանավ Ավստրալիա հասցնելու համար»,- հաղորդվում է ավստրալական կողմի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հաղորդել էր, որ Կանբերան որոշել է ստեղծել ատոմային սուզանավերի նավատորմ եւ հրաժարվել ֆրանսիական Naval Group-ի հետ 90 միլիարդ ավստրալական դոլար (շուրջ 66 միլիարդ ԱՄՆ-ի դոլար) արժողությամբ պարտավորագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի: Ինչպես նշել է ընկերությունը, ինքն Ավստրալիային առաջարկել է «գերազանց որակի սովորական սուզանավ»:
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը, ի պատասխան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի պաշպանական գործընկերության ձեւավորման, արդեն կոչ էարել երկրին՝ հրաժարվել սառը պատերազմի մտածողությունից եւ դաշինքներ չստեղծել, որոնք ուղղված լինեն որեւէ մեկի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: