Բելառուսում գնահատել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը 97,2 տոկոս արդյունավետություն եւ անվտանգության բարձր պրոֆիլ է ցուցաբերել Բելառուսում անցկացվող պատվաստման ընթացքում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ)։
«Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ, Ռուսաստանի Դաշնության անկախ հիմնադրամ) հայտարարում է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալները երկրում պատվաստման արշավի ընթացքում կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառման մասին: Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արդյունավետությունը Բելառուսում կազմել է 97,2 տոկոս»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիմնադրամում նաեւ պատմել են, որ արդյունավետության գնահատումը կատարվել է ավելի քան 860 հազար մարդու տվյալների հիման վրա, որոնք պատվաստանյութն ստացել են 2021 թվականի հունվարից մինչեւ հուլիս:
«Առողջապահության նախարարության տվյալները նաեւ հաստատում են Բելառուսում «Սպուտնիկ V» պատվաստանյութի բարձր անվտանգությունը. բացակայում են պատվաստումից հետո ծանր, անցանկալի երեւույթների դեպքերը, բացակայում են պատվաստման հետ կապված մահվան դեպքերը»,-հավելել են ՌՈւՆՀ-ում: Բելառուսը դարձել է առաջին արտասահմանյան պետությունը, որը գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը եւ սկսել այն կիրառել բնակչության զանգվածային պատվաստման համար:
Ընթացիկ տարվա ապրիլին «Սպուտնիկ V»-ն, որն արտադրվում է Բելառուսում, ստացել է երկրի Առողջապահության նախարարության հավանությունը: «Սպուտնիկ V» պատվաստանյութին հավանություն են տվել 4 միլիարդ ընդհանուր բնակչություն ունեցող 70 երկրներում, դա Երկրի բնակչության ավելի քան 50 տոկոսն է:
Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանությունների թվաքանակով «Սպուտնիկ V»-ն երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97,6 տոկոս, ըստ 3,8 միլիոն պատվաստում ստացած ռուսաստանցիների տվյալների անալիզի արդյունքների. դրանք ավելի բարձր են, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել էին The Lancet բժշկական հանդեսի կողմից (91,6 տոկոս), ավելի վաղ հայտնել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Գամալեյայի անվան գիտահետազոտական կենտրոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: