Պարոն Տեր-Պետրոսյանի մոտ կար «քաղաքական մաշվածություն»

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասաց, թե իր համար ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման որոշումն ամենևին էլ անակնկալ չէր:

«Ես այն եզակի քաղաքական գործիչներին եմ, ով գրեթե մեկ ու կես տարիների ընթացքում պնդում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու: Պրագմատիկ հաշվարկը ցույց էր տալիս, որ նա փետրվարին կայանալիքի նախագահական ընտրություններում չի առաջադրվելու: Այլ հարց է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման մի քանի տարբերակներ կային: Ցավոք սրտի, սա Լևոն Տեր-Պետրոսյանի առջև կանգնած ամենատխուր տարբերակն էր: Ըստ էության, նա քաղաքականությանը հրաժեշտ տվեց ֆիասկոյի ձևով»,- նշեց Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ ՀԱԿ առաջնորդի որոշման հիմքում ընկած պատճառաբանությունները մարդկանց կողմից առնվազն լուրջ ընկալվել չեն կարող:

«Դեռ տասն օր առաջ նա չգիտեր՝ առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: Անգամ ՀՀՇ համագումարում նա ասաց, որ դեռ չգիտի առաջադրվելո՞ւ է, թե՞ չէ: Այդ ժամանակ էլ նա 68 տարեկան էր և չեմ կարծում, որ համագումարին հաջորդող երկու օրերն այնքան նշանակալից էին, որ առաջացրին տարիքային զգացողության խնդիր: Նրա անձը հարգելով հանդերձ, սակայն, չեմ կարող չնկատել, որ պարոն Տեր-Պետրոսյանի մոտ կար քաղաքական մաշվածություն: Եվ ահա հաշվի առնելով այս հանգամաքն ու տարբերությունները 2008-ի նկատմամբ, կարծում եմ, նա որոշեց չառաջադրվել»,- հավելեց Սուրենյանցը:

Հարցին, թե ՀԱԿ-ի համար նպաստավոր տարբերակ կլինի բոյկոտե՞լ նախագահական ընտրությունները, թե՞ առաջադրել մեկ այլ թեկնածուի, Սուրենյանցը պատասխանեց. «Բոյկոտն ամենաանարդյունավետ տարբերակն է, որովհետև, ի վերջո՚ քաղաքացիների զգալի մասի համար, սա անհասկանալի քայլ է: Մարդիկ հասկանում են, որ բոյկոտի անհրաժեշտություն է առաջացել այն ժամանակ, երբ ավելի արդյունավետ տարբերակ չի գտնվել: Բացի սրանից, հասարակությունը դինամիկ զարգացող միավոր է և քաղաքական պայքարի ծայրահեղ մեթոդներին դիմում է բացառիկ դեպքերում, հետևաբար, քաղաքացիները բոյկոտի կոչին դժվար թե արձագանքեն և այն չի ծառայի քաղաքական այն էֆֆեկտին, ինչը հետապնդվում է:

Կարդացեք նաև

Իհարկե ցանկալի կլիներ, եթե առաջադրվեր որևէ այլ թեկնածու: Բայց այստեղ կա մի մեծ բայց: Հարցը նրանում է, որ ՀԱԿ-ն անձնակենտրոն համակարգ է և մաս կազմող բոլոր կուսակցությունները հավաքված են Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Եվ ով էլ հանդես գա ՀԱԿ-ի պոտենցիալ թեկնածուի դերում, նա չի կարողանա ապահովել այդ կոնսոլիդացիան: Որևէ նոր թեկնածուի պարագայում սպասվում են պառակտումներ: Այլ թեկնածու կառաջադրվի՞, թե՞ ոչ, բոյկոտ կլինի՞, թե՞ ոչ, ՀԱԿ-ի ներսում ճգնաժամն անխուսափելի է: Ոմանք հեռանալու են, ոմանք պասիվանալու են, առաջանալու են տարբեր կենտրոններ»:

Տեսանյութեր

Լրահոս