Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչական տեսանյութից՝ մինչև Անկախության տոնակատարություն. «Դոմինո փրոդաքշն»-ի ղեկավարը հարցերին կպատասխանի գրավոր
Արդեն հայտնի է, որ հայրենի կառավարությունն անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ» միջոցառումը վստահել է «Դոմինո փրոդաքշն» կազմակերպությանը:
Ու թեև Փաշինյանի կողմից մասշտաբային տոնակատարություն կազմակերպելու մասին հայտարարությունը վրդովվեցրել է հատկապես պատերազմում զոհված, անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողներին, կանանց, երեխաներին, բայց հայրենի իշխանություններն իդիլիական անխռովությամբ վստահեցնում են՝ ամեն ինչ կարգին է, նույնիսկ «ջերմ ողջագուրվել» են ծնողներից մեկի հետ:
Նկատենք՝ այս միջոցառման ու հատկապես միջոցառման ծախսերի վերաբերյալ բազմապիսի ծախսերի տակ կքած գործադիրը լռություն է պահպանում. վարչապետի մի քանի նկարագրություններից բացի՝ ցայսօր պաշտոնական որևէ տեղեկություն հայտնի չէ: Իսկ ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են՝ միջոցառման համար պետական բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ՝ 2 մլն դոլար, որ «Դոմինո Փրոդաքշն»-ի ղեկավար Աշոտ Առաքելյանը մտերիմ հարաբերություններ ունի ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, և որ հենց նրա շնորհիվ է վերջին տարիներին այս կազմակերպությունը մեկ անձից գնման եղանակով մի քանի ծրագրեր «հաջողեցրել»:
Տեղեկացնենք, որ դեռևս 2019 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շուրջ 1,200,000 դրամի գովազդային ծառայություն է գնել «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ից: Բայց սա դեռ ամենը չէ․ ասում են, որ հենց այս կազմակերպությանն է վստահվել Նիկոլ Փաշինյանի նախընտրական հայտնի քարոզչական տեսահոլովակը, որտեղ նա վստահեցնում է՝ «Եվ ուրեմն ապագա կա, կա ապագա»:
168.am-ն այս տեղեկությունների մասին որևէ պարզաբանում ստանալու ակնկալիքով կապ հաստատեց ««Դոմինո փրոդաքշն» կազմակերպության ղեկավար Աշոտ Առաքելյանի հետ: Վերջինս, սակայն, ձևակերպված հարցերին պատասխանելուց առաջ որոշեց ճշգրտումներ անել մեր կայքում օրերս հրապարակված՝ «Նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ՝ առանց Արցախի կադրերի» հոդվածի առնչությամբ՝ նկատելով, որ դա «մտացածին, սուտ ինֆորմացիա» էր:
Ասել է թե՝ այսպիսով Աշոտ Առաքելյանը «տեղեկացրեց» նաև, որ այդ նախաձեռնության հեղինակը ևս իր կազմակերպությունն է:
Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական տեսահոլովակները, մասնավորապես՝ վերջինը, որտեղ Նիկոլ Փաշինյանը բացում է վարագույրը, արդյո՞ք նկարահանվել է «Դոմինո փորդաքշն»-ի կողմից՝ կազմակերպության ղեկավարը հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ կապ ունի այդ հարցադրումը հիմիկվա միջոցառման հետ»:
Դիտարկմանը, թե հետաքրքիր է, որովհետև նշում են՝ բազմիցս համագործակցել եք, նա արձագանքեց. «Որպեսզի պատասխանները հստակ լինեն, խնդրում եմ մեյլով հարցեր ուղարկեք, մենք կպատասխանենք»:
Չենք զլանա և մեզ հետաքրքրող բոլոր հարցերը կհղենք նաև գրավոր. պատասխանների դեպքում՝ կհրապարակենք:
Հիշեցնենք, որ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերի 6-ին գրել էր, որ նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ, որտեղից բացակայելու են Արցախին առնչվող պատկերները.
«Պարզվում է, հեղափոխական իշխանությունները որոշել են «թարմացնել» նաև այդ կադրերը, ու հիմա ահռելի գումարներ են ծախսվում նոր հոլովակներ նկարահանելու համար։ Իսկ բուն նպատակն այն է, որ այլևս Արցախից որևէ կադր չցուցադրվի։
Ո՛չ Շուշիից, ո՛չ Գանձասարից, ո՛չ «Տատի-պապիի» արձանից։ Երևի դա նույնպես նոյեմբերի 9-ի «բանավոր փոխըմբռնումների» շրջանակներում է»:
168.am-ի հետ զրույցում Արմեն Բաղդասարյանը ևս մեկ անգամ պնդել էր, որ իր ունեցած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ավելին՝ արդեն տեսահոլովակի նկարահանումները մեկնարկել են, այնտեղ ներգրավված են նաև աշակերտներ։
«Եթե այդ ամենը չհաստատվի, ես պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրել»,- մեզ հետ զրույցում նշել էր նա:
168.am-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանը տեղեկացրել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը ներգրավված չէ այդ տեսահոլովակի նկարահանման աշխատանքներում։
168.am-ը դիմել էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որտեղից խնդրել էին գրավոր հարցում ուղարկել: Սակայն պատասխանները ցայսօր չենք ստացել: