Ո՞վ է Ալեն Սիմոնյանի նոր օգնականը. «Հեղափոխության պահապանը» հեղափոխությունը կպահպանի խորհրդարանում
«Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր Հայկ Ստեփանյանն աշխատանքի է անցել Ազգային ժողովում. Հայկ Ստեփանյանը հասցրել է այդ մասին նշում կատարել ֆեյսբուքյան էջում: Տարածվող տեղեկությունների համաձայն՝ «հեղափոխության պահապանը» նշանակվել է Ալեն Սիմոնյանի օգնական:
Հիշեցնենք, այս խմբակը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել աղմկահարույց միջադեպերով: Անցյալ տարի համացանցում լայն տարածում էր գտել մի տեսանյութ, որտեղ այս նախաձեռնության անդամները մի տղամարդու ստիպում են ներողություն խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, քանի որ հայհոյել էր նրան:
Ի դեպ, այս միջադեպից հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անընդունելի էին որակել հիշյալ խմբակի արարքը:
«Պետք է ասեմ, որ նման իրավիճակները ոչ մի օգուտ չեն տալիս և հակառակ ազդեցությունն են ունենում, և նման բաներ անելն ընդհանուր առմամբ անընդունելի է»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր այն ժամանակ դեռ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ստացվում է, որ այն ինչ-որ մի ժամանակ անընդունելի էր Ալեն Սիմոնյանի համար, այսօր աստիճանաբար ընդունելի է դառնում, և «հեղափոխության պահապաններ» կոչված խմբակի այս կարկառուն ներկայացուցիչը շուտով «հեղափոխությունը կպահպանի» խորհրդարանից ներս: Հիշեցնենք, որ մինչ այդ մամուլը բազմիցս գրել էր, որ այդ խմբակը ստեղծվել էր հեղափոխությունից հետո հենց Նիկոլ Փաշինյանի կողմից՝ այս կամ այն գործչի դեմ որպես գործիք օգտագործելու նպատակով:
Նկատենք՝ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այս դեպքով քրեական գործը կարճվել է: Ու թեև պնդումներ կային, թե գործը կարճվել է հաշտության հիմքով, սակայն տուժողը՝ «Գյուղապետ» մականունով Արամ Գևորգյանը նշել էր, որ հաշտություն իրականում չի էլ եղել:
«Ուղղակի ես մի բան գիտեմ, եթե մի բան պետք է անես, ու վերջում արդյունք չլինի, իմաստը ո՞րն է իմ գնալ-գալու, բողոքելու: Էդ տղերքը վարչապետի հովանավորյալներն են», – ասել էր տուժողը:
Սույն միջադեպից մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ «Հեղափոխության պահապանների» համահիմնադիր Հայկ Ստեփանյանը ծեծկռտուքի է մասնակից եղել, ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Միջադեպից ժամեր անց պարզվեց, որ կան ձերբակալվածներ։ Ձերբակալվածներից մեկի հայրը, սակայն, ուշագրավ մանրամասներ էր հայտնել՝ մասնավորապես վստահեցնելով, որ միջադեպը սկսել է Հայկ Ստեփանյանը․ «Ճանապարհին Հայկ Ստեփանյանը կանգնեցրել է Գոռին, վիճել են, մի հասարակ հարց է եղել, մեքենայի ճանապարհ չեն տվել: Հայկ Ստեփանյանն իր «շքախմբով» սկսել է տղայիս ու իր ընկերոջը ծեծել, հենց տեղում, ճանապարհի վրա:
Իրենց հետ ԱԺ իշխանական պատգամավոր կար, անունը դեռ չեմ ուզում հրապարակել: Իրենք Աշտարակի ձորից վերադառնալիս են եղել, խնջույքի էին գնացել: Մեզ ասում են` 10 հոգուց ավել հավաքվել չի կարելի, բայց իրենք 30-ից ավել մարդկանցով խնջույք են արել ու խմած ծեծկռտուք ստեղծել»: