2020-ին աշխարհում ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել
Մարդու իրավունքների հարցերով զբաղվող «Global Witness» միջազգային կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ 2020 թվականին ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցի համաձայն՝ 2020-ին առնվազն 227 բնապահպան է սպանվել, ինչը գերազանցում է նախորդ տարվա տվյալները։ Արձանագրվել է, որ «Կլիմայի փոփոխությունների մասին» Փարիզյան համաձայնագրի ստորագրումից, այսինքն՝ 2015 թվականից հետո ամեն շաբաթ միջինում չորս բնապահպան է սպանվել։ Կազմակերպությունը նշել է, որ ամենից շատ հանցագործությունները գրանցվել են Բրազիլիայում, Նիկարագուայում, Պերույում և Ֆիլիպիններում։ Իսկ ամենամեծ թվով դեպքերը՝ Կոլումբիայում։
«Global Witnness»-ը երկրների ղեկավարներին կոչ է արել լուրջ վերաբերվել բնապահպանների պաշտպանության խնդրին և առաջնայնությունը տալ ոչ թե ֆինանսական շահին, այլ մարդկանց ու մոլորակին։ Կազմակերպությունը զգուշացրել է, որ հակառակ դեպքում կլիմայական ճգնաժամն առաջիկայում էլ կշարունակվի, իսկ դրա հետ կշարունակվեն նաև բնապահպանների դեմ բռնությունները։