Պետք չէ խթանել մարզերի զարգացումը Երևանի զարգացման արգելակման հաշվին. Վահե Պետրոսյան

ՀՀ Կառավարությունն օգոստոսի 17-ին Ազգային ժողով է ուղարկել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որի ընդունման դեպքում 2022թ. հուլիսի 1-ից 2025թ. հունվարի 1-ը Երևանում աստիճանաբար չի գործի հիպոթեքային վարկը եկամտահարկով մարելու կարգավորումը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը վստահեցրեց՝ օրենքը, որը գործում է 2016թ.-ից, արդարացնում էր իրեն:

«Բոլոր կողմերը՝ ինչպես կառուցապատողները, այնպես էլ՝ պետական մարմինները, ընդունում են, որ ծրագիրն ունեցել է բավականին լուրջ արդյունքներ, այն անգամներով մեծացրել է բնակարանաշինության տեմպերը, էական ազդեցություն է  ունեցել նաև  կառուցապատմանը սպասարկող հարակից ոլորտների աճին, զարգացման տեմպերին՝ շինանյութերի արտադրություն, կապալառուներ, տարբեր շինարարական կազմակերպություններ, հանքեր և այլն: Խնդիրը պարզ է, բոլոր կողմերն ընդունում են, որ լավ բան է, օգուտ է տվել, զարգացրել, ակտիվացրել է քաղաքաշինությունը, սակայն առկա է նախագիծ, որ պետք է հանվի»,- ասաց Պետրոսյանը:

Կառուցապատման ոլորտի մասնագետի խոսքով՝ Կառավարության այս նախագծի հիմնական հիմնավորումն այն է, որ եկամտահարկի վերադարձը բավականին լուրջ ծախսային բեռ է պետական բյուջեի, սակայն դա այդքան էլ այդպես չէ:

«Մեր կազմակերպությունն իրականացրել է խորը հետազոտություն, իրականացրել է   հաշվարկներ, որտեղ հիմնավորել է, որ ճիշտ է՝ սպասարկվող բեռը մեծ է, բայց շատ ավելի մեծ եկամուտներ է տալիս պետական բյուջեին՝ հանձին կառուցապատման շղթայում տեղավորված բոլոր սուբյեկտների կողմից վճարված հարկերի: Որևէ արձագանք նշված հաշվարկների սխալ կամ թերի լինելու մասին չենք ստացել: Երկու ամիս է՝ շրջանառվում է օրենքը, Կառավարության նիստով հաստատվել է, որևէ ինչ-որ արձագանք այդ հաշվարկների սխալ լինելու հետ կապված՝ չկա, և զգում ենք, որ կա կամք, ցանկություն հանելու, վերացնելու նշված օրենքը: Շատ կարևոր բանաձև կա՝ ինքը լավ բան ա, ինքը ձեռք ա տալիս, ապա ինչի՞ ենք հանում»:

Վահե Պետրոսյանը, անդրադառնալով Կառավարության մեկ այլ հիմնավորման, թե Երևանում հիպոթեքային վարկը եկամտահարկով մարելու կարգավորումը հանելու դեպքում կխթանեն բնակարանաշինությունը մարզերում՝ պնդեց.

«Պետք չէ խթանել մարզերի զարգացումը Երևանի զարգացման արգելակման հաշվին»:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ հիմնադիրը հիշեցրեց Կառավարության բավական հավակնոտ ծրագիրը՝ մինչև 2050թ. բնակչությունը 5 մլն դարձնելու մասին, և հուշեց, որ այդքան մարդկանց պետք է տեղավորել:

Տեսանյութեր

Լրահոս