«Թուրքիան շարունակելու է Միջերկրականում հորատման աշխատանքները». Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններում լարվածության պատճառ դարձած և ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող կնճռոտ հարցերի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ելույթ ունենալով «Էգեյան ծովը և Հունաստանի հետ դրացիական հարաբերություններում առկա խնդիրները» խորագրով գիտաժողովի ընթացքում՝ Աքարն ընդգծել է, որ Հունաստանը պետք է տեսնի և հասկանա, որ դատարկ երազանքներ են հունական կողմի այն քայլերը, որոնք ուղղված են ծովային և օդային սահմաններն ընդլայնելուն:
Աքարը խոսել է նաև վերջին տարիների ընթացքում թուրք-հունական հարաբերությունների լարման հիմնական պատճառի՝ Արևելյան Միջերկրականում էներգետիկ ռեսուրսների որոնման աշխատանքների մասին:
Այս համատեքստում Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է հետազոտման և հորատման աշխատանքներ տանել Թուրքիայի ծովային սահմաններում, ինչպես նաև այն հատվածներում, որտեղ նման աշխատանքներ տանելու համար լիազորություն է ստացել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից»:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիան, խախտելով Կիպրոսի բարձրագույն տնտեսական գոտին, սկսել էր էներգետիկ ռեսուրսների որոնման և հորատման աշխատանքներ տանել՝ հիմնավորելով, որ նման լիազորագիր ունի Կիպրոսի թուրքերի կողմից: Թուրքիայի այս գործողությունները հանգեցրել են Հունաստանի հետ հարաբերությունների լարման: Թուրքիայի գործողություններն արժանացել են նաև ԵՄ-ի քննադատությանը, անգամ կիրառվել են որոշ պատժամիջոցներ: