Նույնիսկ 2007-2008 թթ., Տեր-Պետրոսյանից բացի, որևէ այլ մեկը չգիտեր, թե նա ի՞նչ է անելու. Ս.Սաֆարյան

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում` հակառակ բոլոր սպասելիքներին:

«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը, 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, ասաց, որ դեռ ավելի վաղ նշել է, որ ավելի է իրատեսական է համարում Տեր-Պետրոսյանի չառաջադրումը:

«Ւհարկե և´ առաջադրվելը, և´ չառաջադրվելը Տեր-Պետրոսյանի համար լուրջ մարտահրավերներ էր պարունակում,- ասաց Ստեփան Սաֆարյանը,- Առաջադրվելը` այն իմաստով, որ, բնականաբար, ոչ բարենպաստ ժամանակներ են իր և Հայ ազգային կոնգրեսի համար, և տեսանելի է, որ անգամ ՀԱԿ-ի գոյության կամ չգոյության հարցն է լուծվում: Եվ նման թույլ քաղաքական հենարանով նա բնականաբար չէր առաջադրվի, առավել ևս երբ սա, ըստ էության, լինելու էր երկրորդ առաջադրումն անընդմեջ, և հասարակական մեծ սպասումներ այս առումով չկային: Իսկ չառաջադրվելը նույնպես, անշուշտ, այնքան էլ անվտանգ չէ Տեր-Պետրոսյանի համար, որովհետև, այնուամենայնիվ, նա քաղաքական թատերաբեմ էր իջել իշխանափոխություն իրականացնելու խոստումով, և թեկուզ այն փոքրիկ շերտը, որը շարունակում է սպասումներ ունենալ նրանից, բնականաբար այդ շերտը նույնպես չի ողջունելու այդ որոշումը»:

Մենք հարցրեցինք նաև Ստեփան Սաֆարյանի կարծիքն այն մասին, թե այդ դեպքում ինչո՞ւ էին Տեր-Պետրոսյանի բոլոր կողմնակիցները կամ գոնե, այսպես ասած, «հիմնական գծի» ներկայացուցիչները վստահաբար պնդում, որ Տեր-Պետրոսյանն անպայման առաջադրվելու է:

Կարդացեք նաև

Ի պատասխան` Ստեփան Սաֆարյանն ասաց. «Գիտեք, Տեր-Պետրոսյանն այն քաղաքական գործիչն էր, որ նույնիսկ 2007-2008 թթ. բացի իրենից որևէ այլ մեկը չգիտեր, թե նա ի՞նչ է անելու: Ես կարծում եմ, որ սա առաջին հերթին անտեղյակություն էր և սրտի ցանկություն` տեսնելու նրան առաջադրված: Երկրորդը` այդպիսի հայտարարությունները հետախուզում էին հասարակական սպասումները, և նկատելի էր, որ դրանց հետ կապված առանձնակի լուրջ աշխուժություն չէր առաջանում: Հետևաբար` Տեր-Պետրոսյանին մնում էր միայն չառաջադրվել»:

Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո կսրվե՞ն ներքին հակասությունները ՀԱԿ-ի ներսում և հատկապես Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, «Ժառանգության» ներկայացուցիչը պատասխանեց. «Բնականաբար ավելի կսրվի, որովհետև Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնալսված խոսակցության, այսպես ասած, առանցքային հատվածը հենց ՀԱԿ-ի ներքին հակասություններն էին, և այս կտրվածքով` ՀԱԿ-ի ներսում ստեղծված իրավիճակն է նաև պատճառը, որ Հրանտ Բագրատյանը գիտակցեց ՀԱԿ-ի գոյության անհեռանկարային լինելը և ընդամենը փորձում է ՀԱԿ-ի փլուզումից հետո գոնե ունենալ ինչ-որ էլեկտորատ և դա անել նախագահական ընտրություններում ուղղակիորեն մասնակցելու միջոցով: Ուստի կարելի է արձանագրել, որ ՀԱԿ-ի մնացյալ ընտրողների համար թեժ պայքար է գնալու »:

Իսկ ի պատախան հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը որքանո՞վ կմեծացնի «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորությունները, Ստեփան Սաֆարյանն ասաց. «Կարծում եմ` այս պահի դրությամբ` առաջադրված թեկնածուներից ամենամեծ հնարավորություններն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը, և կարելի է արդեն վստահ ասել, որ նա է լինելու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը»:

Տեսանյութեր

Լրահոս