Լեհաստանն ուկրաինացիների մուտքը երկիր թույլատրել է սեպտեմբերի 9-ից
Լեհաստանն Ուկրաինայի քաղաքացիների մուտքը երկիր, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով, թույլատրել է սեպտեմբերի 9-ից: Ընդհանուր առմամբ ուկրաինացիները կարող են ճանապարհորդել աշխարհի 133 երկրներում: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, հանդես գալով առցանց ճեպազրույցում, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ի թղթակիցը։
«Շատ լավ նորություն է, որին բոլորն սպասում էին: Սեպտեմբերի 9-ից Ուկրաինայի քաղաքացիներն այն անձանց կատեգորիայում են, որոնց թույլատրված է մուտք գործել Լեհաստանի Հանրապետության տարածք, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով»,-ասել է նա:
Կուլեբան նշել է, որ արտաքին սահմանները հատելուց հետո կարանտինում գտնվելու պարտավորությունից ազատված են այն անձինք, որոնք պատվաստվել են COVID-19-ի դեմ, եւ նրանք, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով:
Նաեւ նախարարը տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայի քաղաքացիների համար տարբեր պայմանների առկայությամբ բաց են աշխարհի 133 երկրների սահմանները:
«Ինչ-որ տեղ անհրաժեշտ է ներկայացնել COVID-ի դեմ պատվաստման կուրս անցնելու վերաբերյալ փաստաթղթեր, ինչ-որ տեղ բավարար են ՊՇՌ-թեստի բացասական կամ հակագեների էքսպրես-թեստի արդյունքները, բայց սկզբունքորեն դուք կարող եք մեկնել աշխարհի 133 երկիր, եւ այդ թիվը շարունակելու է աճել»,-նշել է պաշտոնյան:



