ՊՎԾ-ում ծեծկռտուքի հետքերով. Ռաֆայել Զաքարյանն ազատվել է աշխատանքից

Դեռևս հուլիսի 22-ին 168.amգրել էր այն մասին, որ մեր հավաստի տեղեկություններով, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել ՊՎԾ պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի, օգնականի  և այլ աշխատակցի միջև։

Աշխատասենյակում Ռաֆայել Զաքարյանը և նրա օգնականը ծեծի են ենթարկել աշխատակիցներից մեկին:

Բանը հասել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանին, վերջինս էլ միջամտել ու հարթել  է շենքում բռնկված միջադեպը։

Տեղեկության վերաբերյալ այն ժամանակ մանրամասներ ճշտել չէր հաջողվել, որովհետև ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանը մեզ հետ զրույցում նշել էր.

«Ես որևէ միջադեպի վերաբերյալ հարցազրույցներ չեմ տալիս. որևէ բան չեմ մեկնաբանի»։

Այսօր արդեն ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը հայտնել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

«Տեղեկացնում եմ, որ սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ Վարչապետ  Նիկոլ Փաշինյանին դիմում եմ ներկայացրել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան 2.5 տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, քանզի այս պաշտոնում նշանակվել եմ Ծառայության ձևավորման սկզբնական շրջանում՝ ժամանակահատված, երբ անհրաժեշտ էր սեղմ ժամկետներում կազմավորել պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր և արդյունավետորեն իրացնել ու ապահովել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունները:

Առանձնահատուկ շնորահակալություն եմ հայտնում Ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ Ծառայության համար փորձություններով լի ժամանակահատվածում  համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև Ծառայության աշխատակիցներին՝ ցուցաբերած բարձր ցուցանիշների, պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և անբասիր ծառայության համար:

Հայտնում եմ, որ աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ պետական կառավարման համակարգում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»։

Տեսանյութեր

Լրահոս