Ի՞նչ կռնա Գյումրին. ինչպես են փորձում մոլորեցնել գյումրեցիներին

Օրերս մամուլը գրել էր, որ Գյումրիի Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրությանն ընդառաջ Գյումրիում ձևավորվել է «Գյումրին կռնա՜» քաղաքական դաշինքը։

Գյումրու «Ազգային Արժեք Ակումբի» և Երևանում գործող «Հայք», «Նժդեհյան Ցեղակրոն», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունների միջև կնքվել է համագործակցության հուշագիր։

Ինչպես դաշինքի ներկայացուցիչներն են հայտարարել, մասնակցելու են  հոկտեմբերին  կայանալիք Գյումրու ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու է «Ազգային Արժեք Ակումբի» հիմնադիր Վարդան Սրտաշյանը։

168.am-ին ուշագրավ տեղեկություններ են հասել թե դաշինքի կազմի, թե նրա հետևում կանգնած աներևույթ ու առերևույթ դերակատարների մասին:

Մեզ ասացին, որ այդ քաղաքական ուժը անմիջականորեն ձևավորվել և վերահսկվում է Շիրակի նախկին մարզպետ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից:

Ըստ էության լիբերալ, ազգային արժեքների չդավանող իշխանությունները՝ ՔՊ-ականները, ձիով քայլ են մտածել՝ պատրիարխալ մտածողությամբ, ավանդապաշտ Գյումրիում գործողության մեջ դնել մի ուժի, որը հանդես կգա ազգային գաղափարների ներքո, ինչը շահեկան կլինի գյումրեցիների ձայները ստանալու տեսանկյունից:

«Ազգային Արժեք Ակումբ» կազմակերպությունը վաղուց է ձևավորվել Գյումրիում: Ակումբի հիմնադրման նախաձեռնողը Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) աշխարհագրության ամբիոնի դասախոս Արմեն Ներսիսյանն է, ով նաև «Շանթ» ռադիոընկերության հաղորդավարներից է եղել:

Ըստ էության այդ ակումբը տրանսֆորմացիայի է ենթարկվել ու դարձել «Գյումրին կռնա՜» նախաձեռնություն:

Մեր տեղեկություններով՝ այս քաղաքական ուժի նախընտրական ցուցակը գլխավորող Վարդան Սրտաշյանի վրա է ընտրությունը կանգ առել այն պատճառով, որ նրան քիչ մարդ է ճանաչում, և, համենայն դեպս, նրա վերաբերյալ անձն արատավորող տեղեկություններ չկան: Վերջինս զբոսաշրջային ընկերություն ունի, նաև Գյումրիի «Արաքս» հյուրանոցի վարձակալն է. հյուրանոցի սեփականատերը բնակվում է Մոսկվայում, և Վարդան Սրտաշյանն ըստ էության աշխատեցնում է բիզնեսը:

Հատկանշական է, որ մեզ ասացին՝ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին հաճախակի կարելի է հանդիպել «Արաքս» հյուրանոցում և նրա հետնամասում գտնվող սրճարանում, և բազմաթիվ գյումրեցիներ ու հյուրանոցի հյուրեր հաճախ կարող են նրան այնտեղ տեսնել:

Վարդան Սրտաշյանն ավարտել է ՇՊՀ աշխարհագրության ֆակուլտետը, որի ամբիոնի վարիչն իր հարազատ քեռին է՝ Լևոն Մարտիրոսյանը, ով մշտապես սերտ առնչություն է ունեցել ՀՅԴ-ի հետ: Վարդան Սրտաշյանի քեռու կինը՝ Վարդիթեր Աբրահամյանը, գյումրեցիների փոխանցմամբ, ՇՊՀ պատմության ամբիոնի դասախոս է, ԿԳՆ նախկին նախարար, ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանի համակուրսեցին: Ասում են՝ ամուսիններով մշտապես խնդիրներ են ունեցել բոլոր ռեկտորների օրոք, և այդ բոլոր խնդիրները հարթվել են հենց Լևոն Մկրտչյանի միջոցով:

Գյումրիում զարմացած են, որ ողջ իր կյանքում ՀՅԴ-ականների հետ առնչությամբ հպարտացող այս մարդը նույնպես կապ ունի այս իշխանություններին քողարկված սատարող նշյալ կազմակերպության հետ:

ՇՊՀ-ին մոտ գտնվող մեր աղբյուրները նշում են, որ վերջերս համալսարանում շրջայց կատարած Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում Լևոն Մարտիրոսյանն ամեն ինչ անում էր մարզպետի տեսադաշտում հայտնվելու համար:

Վարդան Սրտաշյանը վերլուծություններ է հրապարակել «Հինգշաբթի» թերթում, որը պատկանել է Վարդան Սրտաշյանի մյուս քեռուն:

Հիմա գանք ամենասկզբից:

Վարդան Սրտաշյանի դեմքով հանդես եկող քաղաքական ուժի հետևում, բնականաբար, Արմեն Ներսիսյանն է, ով նախկին ՏԻՄ ընտրություններում, ըստ Գյումրիի մեր աղբյուրների, Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից ստեղծված «Գյումրեցու ոգի» անունը կրող կեղծ քաղաքական ուժի առաջնորդն էր, ով ընտրություններում «պարտություն կրեց»:

Գյումրեցիները պատմում են, որ այդ պարտությունն Արմեն Ներսիսյանը բավականին ծանր է տարել, քանի որ վստահ է եղել իր հաղթանակի մեջ, սակայն, քանի որ Գյումրիում ամեն ինչ շատ արագ է բացահայտվում, գյումրեցիները գլխի են ընկել՝ ով է կանգնած այդ ուժի հետևում, և իրենց քվեն չեն տվել Արմեն Ներսիսյանին: Այնինչ նա անգամ գործող իշխանությունների, մասնավորապես՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ քննադատական դիրքերից է հանդես եկել այդ քարոզարշավին:

Գյումրիում պատմում են, որ այդ ընթացքում Բալասանյան ընտանիքի անդամները, մասնավորապես՝ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, բացահայտ հանդիպումներ էին ունենում Արմեն Ներսիսյանի հետ:

Ըստ ամենայնի, հենց այս պատմությունները հիշելով ու մտածելով, որ Գյումրիում, թերևս, շատերը կհիշեն, որ Արմեն Ներսիսյանը Սամվել Բալասանյանի մոտ ֆեյք կուսակցության առաջնորդ է եղել, «Գյումրեցու ոգի» ուժի հիման վրա ստեղծված «Գյումրին կռնա՜» նախաձեռնությունն այս ընտրություններում արդեն առաջնորդի այլ թեկնածու է առաջադրել:

Գյումրեցիները նշում են, որ այս նախաձեռնության հիմնադիրները խորամանկ քայլ են մտածել՝ թաքցնելու համար գործող իշխանությունների հետ իրենց կապը, և իրենց կազմակերպության 2 անդամների առհասարակ «թաքցրել են», այնինչ հենց նրանք են այդ նախաձեռնության կուրատորը գործող իշխանությունների կողմից ու հովանավորը:

Ըստ Գյումրիում տարածված լուրերի, ինչպես արդեն նշեցինք, այս նախաձեռնությունը հովանավորվում է Շիրակի մարզի կադրային հարցերի կնքահայր, նախկին մարզպետ ու իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից, որը դա իրականացնում է իր ընկերոջ՝ Շիրակի նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի միջոցով:

168.amգրել էր, որ Շիրակի նախկին փոխմարզպետը Գյումրու խոշոր գրավատներից մեկի տերն է, կարճ ու մատչելի ասած՝ տոկոսով փող է տալիս գյումրեցիներին: Նրան է պատկանում նաև «Ռոյալ» կահույքի սրահը:

Իհարկե, մեզ հետ զրույցում նախկին փոխմարզպետն ասել էր. «Ես գրավատուն չունեմ, դա կնոջս գրավատունն է: Նախկինում՝ նախքան պաշտոնի անցնելը, ես եմ զբաղվել այդ գործերով, հիմա կինս է զբաղվում»: Իսկ կահույքի սրահի մասին էլ նշել էր, որ դա իր հոր բիզնեսն է:

Ինչևէ, պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո Վարդան Գրիգորյանը հրաժարական տվեց փոխմարզպետի պաշտոնից, բայց գյումրեցիների խոսքով՝ միևնույն ժամանակ շարունակեց սերտ հարաբերություններ պահպանել իր ընկերոջ՝ Կարեն Սարուխանյանի հետ, ով, ըստ մարզի բնակիչների, երբեք չի էլ թաքցրել, որ օգտվել է Վարդան Գրիգորյանի ֆինանսական հնարավորություններից, քանի որ նախկինում ընդամենը եղել է Բյուրակնի գյուղական դպրոցի կենսաբանության և ինֆորմատիկայի ուսուցիչ:

Երկրորդ անձը, ում թաքցնում են այս նախաձեռնության հիմնադիրները, բայց ով ակտիվ դերակատարություն ունի ակումբի գործունեության մեջ, Արմեն Սարուխանյանն է՝ Կարեն Սարուխանյանի հարազատ հորեղբոր որդին, ով նախկինում ակտիվորեն համագործակցել է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, եղել է Մարտուն Գրիգորյանի «աշխատակիցներից» մեկը, իսկ հեղափոխություն կոչվածից հետո, երբ Կարեն Սարուխանյանը դարձել է Շիրակի մարզպետ, շատ արագ «դավանափոխ» է եղել, փոխել քաղաքական կողմնորոշումն ու դարձել երդվյալ ՔՊ-ական:

Այս անձն այժմ զբաղեցնում է Գյումրիի միասնական սոցիալական ծառայության ղեկավարի պաշտոնը:

Այսինքն՝ արձանագրենք, որ «Գյումրին կռնա՜» նախաձեռնության շարքերում շատ ակտիվ դերակատարում ունեն Կարեն Սարուխանյանի հետ աֆիլացված, նրա հետ ընկերական-ազգակցական կապեր ունեցող մարդիկ:

Եվ այս մարդիկ փորձում են գյումրեցիներին ապացուցել, որ իրենք ազգային արժեքներ դավանողներ են ու որևէ կապ չունեն գործող իշխանությունների հետ: Եվ ըստ ամենայնի իշխանություններն առաջիկա ՏԻՄ ընտրություններում մասնակցելու են ոչ միայն իրենց սեփական քաղաքական ուժի միջոցով, ի դեմս մարզպետ Հովհաննես Հարությունյանի, այլև ֆեյք կուսակցությունների միջոցով, որոնցից մեկը, ըստ գյումրեցիների, հենց «Գյումրին կռնա՜» քաղաքական ուժն է:

Ի դեպ, Գյումրիում գաղտնիք չէ, որ մինչև բոլորովին վերջերս ազգային արժեքների գաղափարախոսության ներքո հանդես եկող այս ակումբի ցանկալի հյուրը «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ, վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի առաջնորդներից, Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից Լևոն Շիրինյանն է եղել, ով պարբերաբար ակումբի անդամների համար դասախոսություններով է հանդես եկել: Այս կապի մասին ակումբով ևս չեն խոսում, փորձում են թաքցնել իրենց առնչությունը Լևոն Շիրինյանի հետ:

Գյումրիում վստահ են՝ այս ուժը չի կարող անկախ լինել, սերտ առնչություններ ունի իշխանությունների հետ. այսքան պատահականություններ սովորաբար չեն լինում:

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող այլ ֆեյք կուսակցություններին 168.am-ը կանդրադառնա հաջորդիվ:

Հ.Գ. Մինչ նյութը պատրաստվում էր հրապարակման, տեղեկացանք, որ Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Տեսանյութեր

Լրահոս