Որոշ ԲԿ-ներում պետպատվերի համար սահմանված տեղերն արդեն լրացել են․ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից հերքում են, որ ներքին կարգով գերատեսչությունից գրություն է իջեցվել բժշկական հաստատություններին՝ քաղաքացիներին պետպատվերով սպասարկելը դադարեցնելու մասին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ որոշ բուժհաստատություններում պետպատվերի համար սահմանված տեղերն արդեն լրացել են։
«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում ակտիվ դիմելիությունը՝ շատ սպասելի երևույթ է։ Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ այս խնդիրը բոլոր ԲԿ-ներում է։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ բուժհաստատությունները պետք է զգուշացնեն քաղաքացիներին, որ գործում է հերթագրման կարգ։ Գրանցվելուց հետո, մեր քաղաքացիները կկարողանան ստանալ իրենց բուժումը»,- նշեց Խաչատրյանը։