Բաժիններ՝

Նեյմարը ՊՍԺ-ում ստանում է ավելի քան 6,5 միլիոն եվրո՝ քաղաքավարության, ճշտապահության և ընկերասիրության համար

Հայտնի են դարձել բրազիլացի հարձակվող Նեյմարի և ՊՍԺ-ի միջև կնքված պայմանագրի մանրամասները:

Համաձայնագիրը բոնուս է նախատեսում «քաղաքավարության, ճշտապահության, երկրպագուների հետ ընկերասիրության և բաց լինելու համար»: Բացի այդ, պայմանագրի այս կետը ներառում է ՊՍԺ-ի մարտավարությանը հասարակական քննադատության արգելք:

Պայմանավորվածության համաձայն՝ Նեյմարը պարտավոր է յուրաքանչյուր խաղից առաջ ողջունել երկրպագուներին, իսկ հանդիպումներից հետո՝ հրաժեշտ տալ նրանց: Նրան արգելվում է հակասական մեկնաբանություններ տալ ՊՍԺ-ի գործունեության վերաբերյալ, ինչպես նաև բացասաբար խոսել ակումբի, նրա աշխատակիցների և երկրպագուների մասին:

Ամեն ամիս Նեյմարը 541,680 եվրո է ստանում համաձայնագրի այս կետի համաձայն:

ՊՍԺ-ն այս կետն անվանում է «էթիկական»: Այս պահանջները բավարարելու համար Նեյմարը ստանում է տարեկան ավելի քան 6,5 միլիոն եվրո, ասում է El Mundo-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաշվի առնելով աշխատավարձն ու հավելավճարները՝ Նեյմարի տրանսֆերը ՊՍԺ-ին արժեցել է 489 միլիոն եվրո:

Սիրարփի Աղաբաբյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս