ԱՄՆ-ն վերսկսել է հումանիտար աջակցության ծրագրերն Աֆղանստանում. WSJ
Միացյալ Նահանգները վերսկսել է Աֆղանստանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմից բարձրաստիճան աղբյուրի վրա:
Նրա տվյալներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այդ նպատակով հատկացրել է 260 մլն ԱՄՆ դոլար, որը նախատեսվել էր ավելի վաղ, սակայն սառեցվել էր Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման իշխանության գալուց հետո:
ԱՄՆ ֆինանսական միջոցներն ուղղվելու են աֆղանստանցիներին անհրաժեշտ դեղամիջոցներով ու ապրանքներով ապահովելու նպատակով:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել էր, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել հումանիտար աջակցություն ցուցաբերել Աֆղանստանին:
ԱՄՆ-ն օգոստոսի 30-ին դուրս էր բերել զորքերն Աֆղանստանից՝ ավարտելով Քաբուլից քաղաքացիական անձանց տարհանումը, ինչպես նաև այդ երկրում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո սկսված ռազմական գործողությունները: