«Այս իշխանությունը չի հաշտվում իրականության հետ, չեմ մտածում, որ կարող է որևէ լավ բանի ընդունակ լինի». Ուրցաձորի համայնքապետ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը սկսեց տարբեր գործողություններ իրականացնել այն համայնքապետերի նկատմամբ, որոնք պատերազմից հետո պահանջել էին Կառավարության հրաժարականը կամ ընտրությունների ժամանակ բացահայտ ցույց են տվել, որ չեն սատարում իրենց։

Ընտրություններից հետո իրավապահները բերման ենթարկեցին Սյունիքի մի քանի համայնքապետերի, նրանց մի մասը մինչև այս պահը շարունակում է մնալ անազատության մեջ, օրինակ, Մեղրիի և Սիսիանի նախկին համայնքապետեր Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը, Գորիսի ու Քաջարանի համայնքապետեր Առուշ Առուշանյանը և Մանվել Փարամազյանը։

Ըստ մամուլում հրապարակվող տեղեկությունների, իշխանությունը սկսել է նաև Գեղամասարի ղեկավարի պաշտոնանկության գործընթաց, ավելին՝ որոշել են Գեղամասարը միավորել Վարդենիսին։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին նույնպես ուզում են հեռացնել, Կապանում ավագանու անդամների մի մասն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել։

Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, ով 2018 թվականից իշխանության «ուշադրության» կենտրոնում է, 168.amի հետ զրույցում ասաց, որ իր հետ կապված արտաքուստ որևէ բան չկա, իսկ թե ինչ են անում իր թիկունքում՝ տեղյակ չէ, չի հետաքրքրվում։

«Մեկ բան հաստատ գիտեմ՝ այս իշխանությունը չի հաշտվում իրականության հետ, ու չեմ մտածում, որ կարող է որևէ լավ բանի ընդունակ լինի»,- նշեց Ռ. Անդրեասյանը։

Մոտավորապես երկու ամիս առաջ Ռաֆիկ Անդրեասյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ համայնքի հետ կապված ցանկացած ծրագիր, որը ներկայացնում են Կառավարությանը՝ մերժում են ստանում, այդպիսով իրեն «պատժելու» ձև են գտել։

Հետաքրքրվեցինք՝ հիմա, երբ Կառավարության ամբողջական կազմը ձևավորվել է, փորձե՞լ է կրկին ծրագիր ներկայացնել, նա պատասխանեց. «Ինքնասիրությունը լավ բան է, իհարկե, չեմ ներկայացրել։ Մեր ուժերով ինչքան կարողանանք, այնքան էլ կանենք։ Հիմա զոհված տղերքի հիշատակին պուրակ ենք կառուցում, որը երկու մասով կծառայի և՛ մանկապարտեզին, և՛ ժողովրդին։

Իմ հրաժարականը պահանջողներից մեկն ավագանին է եղել՝ իր աղջկա հետ միասին։ Իմ հանդեպ այնքան բողոքեցին, հերյուրանքներ տարածեցին․․․ Ուղղակի ես որ դատի տամ, անմեղ գյուղացին պետք է դատվի, որ ստին հավատացել է։

Բայց ես ինչպե՞ս կարող եմ նման բան անել իմ հայրենակցի նկատմամբ, թեկուզ սուտ է խոսել կամ ստին հավատացել է։ Չնայած, եթե երկրորդ անգամ նույն մարդն այդ սխալը կրկնեց, ապա ամեն ինչ արդեն օրենքի սահմաններում կլինի»։

Հիշեցնենք՝ 2018-ի հեղափոխությունից հետո Ռաֆիկ Անդրեասյանին պարտադրեցին հրաժարականի դիմում գրել, նրա նկատմամբ հարուցվեցին նաև քրեական գործեր, սակայն հրաժարականից հետո անցկացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքում Անդրեասյանը վերընտրվեց՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին:

Տեսանյութեր

Լրահոս