Բաժիններ՝

Երբ մարդը խախտեց օրենքը և մեղքի մեջ հայտնվեց, դրանից առաջացավ մեղքը քավելու հրամայականը…

Երբ մարդը խախտեց օրենքը և մեղքի մեջ հայտնվեց, դրանից առաջացավ մեղքը քավելու հրամայականը: Իսկ քավության գաղափարն ամբողջապես կապված է արդարության գաղափարի հետ, ինչպես նաև խորապես արմատացած մարդկային բարոյական բնության մեջ:

Այսպիսով` առաջին մեղքը Աստծո կամքին հակառակվելն էր: Եվ հանուն աստվածային արդարության` այդ մեղքը պետք է քավվեր:

Սակայն, ցավոք,  ոչ բոլորն ունեն այն հոգևոր բարձրագույն գիտակցումը, որին հետևելով պետք է քավեն սեփական մեղքը: Աստված կարող էր, մեկ ակնթարթում դաժանորեն պատժելով մարդկային ցեղին, ստիպել հատուցել և քավել սեփական մեղքը, սակայն փոխարենը Նա իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի Նա իր սեփական տառապանքներով և արյամբ իր վրա վերցնի ամբողջ մարդկության մեղքը: Աստված այսկերպ և չխախտեց Իր արդարությամբ սահմանված մեղքերի քավության գաղափարը, և մեզնից յուրաքանչյուրին՝ իրական մեղավորներիս պարգևեց Իր Միածին Որդուն հավատալու դեպքում փրկության բերկրանքը վայելելու հրաշքը:

Քրիստոսի Խաչով մեզնից յուրաքանչյուրը ստացավ թողություն, և մենք, որ մեղավոր ենք, այլևս հնարավորություն ունենք քավելու մեղքը և ապրելու աստվածային սիրով: Սակայն, ավաղ, անգամ Աստծո Միածին Որդու սխրանքից հետո էլ մարդկային ցեղը չդադարեց մեղք գործել:

Եվ այս ամենից հետո կա փրկության միայն մեկ ճանապարհ՝ Սուրբ Հաղորդությունը: Խոսքը ամենևին չի վերաբերում ընդամենը Եկեղեցական արարողությանը մասնակցելուն և մեխանիկորեն Հաղորդություն ստանալուն: Այլ ամեն անգամ Սուրբ Հաղորդությունից առաջ հասկանալուն, որ ընդունում ենք Փրկչի Մարմինն ու Արյունը, և եթե ընդունում ենք ապա նշանակում է, որ այսկերպ հաղորդակից ենք դառնում Նրա զոհաբերությանը, և մասնակցում Նրա Գողգոթայի չարչարանքներին: Իսկ սա էլ բնականաբար նշանակում է, որ այս ամենն ընդունելուց և հասկանալուց հետո մենք պարզապես անկարող ենք չընդունելու մեր մեղքերը, չքավելու դրանք, չուրանալու մեր անձը և չգնալու Քրիստոսի ետևից:

Արմեն Չաքմիշյան  

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս