«Այն, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը չի եղել Արցախում, հնարավոր է՝ Ադրբեջանում դա դիտարկեն, որ Հայաստանը հրաժարվել է Արցախից». Վահրամ Բալայան

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունում նշվեց հանրապետության հռչակման 30-ամյակը, տոնական միջոցառմանն այս տարի Հայաստանից քիչ թվով պատվիրակներ էին գնացել՝ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ, այսինքն՝ Հայաստանից պաշտոնական մասն ապահովել էին միայն պատգամավորները։ Արցախ էին այցելել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություների պատգամավորները։

168.am Արցախի Հանրապաետության  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հանդիպել են ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորների հետ և ի՞նչ հարցեր են քննարկել։

«Արցախի ԱԺ երեք ընդդիմադիր խմբակցությունները հանդիպեցին Հայաստանից եկած ընդդիմադիր խմբակցությունների հետ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։ Այսինքն՝ համատեղ գործելու, այս իրավիճակից դուրս գալու ելքեր որոնելու, մասնավորապես՝  44-օրյա պատերազմի հետևանքները վերացնելու առումով։ ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության հետ հանդիպում չի եղել, գուցե մեր ԱԺ մյուս երկու խմբակցությունները նրանց հետ հանդիպել են, բայց ընդդիմադիր խմբակցություններով նրանց հետ չենք հանդիպել։ Եթե կարճ ասեմ, թե ինչու ՔՊ-ական պատգամավորների հետ չենք հանդիպել, ապա այդ նախապայմաններն ու մթնոլորտը չկար՝ բաց զրույց ունենալու համար»,- նշեց Վահրամ Բալայանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին ՀՀ առաջին դեմքը՝ Նիկոլ Փաշինյանը, ներկա չի եղել, Վահրամ Բալայանը նկատեց՝ այն վատ երևույթ է համարում, հատկապես որ, հոբելյանական միջոցառում էր, ու ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ներկա չէր։

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պետք է մասնակցեր միջոցառմանը։ Բայց չեն մասնակցել, ամենայն հավանականությամբ, այստեղ քաղաքական ենթատեքստ կա, ինչ-որ բան կա, որ այդ մասնակցությունը չի ապահովվել։ Այն, որ նման ներկայություն Հայաստանից չի եղել Արցախում, հնարավոր է՝ Ադրբեջանում դա դիտարկեն այն համատեքստում, որ Հայաստանը հրաժարվել է Արցախից։ Հիմա մենք չգիտենք, թե նոյեմբերի 9-ով պայմանավորված ինչ հարցեր են քննարկվել, գուցե ճնշումներ են եղել»,- հավելեց Վահրամ Բալայանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իրենց համար սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա Արցախ։

«Մեզ համար սպասելի էր, որ չի գա»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Տեսանյութեր

Լրահոս