Թիվ 122 դպրոցի տնօրենի կողմից ուսուցչուհուց ենթադրյալ կաշառք վերցնելու նյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն
Երեւանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար ենթադրյալ կաշառք վերցնելու և այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն: «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021 թ. հրապարակվել է «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երեւանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված:
Նկատի ունենալով, որ հրապարակված նյութն իր բովանդակությամբ հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ հիշյալ նյութը եւ առկա ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար»,- գրել է Կարապետյանը: