168.am-ը պատասխանատու չէ ՊՆ-ի ներկայացրած նախագծերի ոչ ճիշտ ձևակերպումների համար

Երեկ 168.am-ը տեղեկություն է հրապարակել՝ «1 միլիարդ 75 միլիոն դրամ՝ ոչ թե դիրքերի, այլ ՊՆ շենքի լավ պայմանների համար» վերտառությամբ, ըստ որի՝ Կառավարության չզեկուցվող նախագծով Պաշտպանության նախարարությանը գումար է հատկացնում։

 Հրապարակման մեջ գրել ենք, որ գործադիրը Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման համար կհատկացնի 1 միլիարդ 75 միլիոն դրամ՝ ի հաշիվ պետական բյուջեով ռազմական կարիքների բավարարման, ռազմաբժշկական սպասարկման և առողջապահական ծառայությունների, հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումներով համալրման համար բյուջեով հատկացված միջոցների։

 Հրապարակման մեջ գրվածը տառացիորեն վերցված է Կառավարության ընդունած նախագծից։

Այսօր Պաշտպանության նախարարությունը անդրադարձել է մեր հրապարակմանը՝ կոչ անելով չհրապարակել չճշտված տեղեկություններ, որոնք վնաս են հասցնում ՀՀ զինված ուժերի հեղինակությանը։

Պն-ից նշել են, որ լրատվամիջոցը մեջբերել է ընդամենը ծախսային հոդվածի անվանումը, որի տակ, սակայն, կան մի շարք տողեր, որոնք հիմնականում վերաբերում են կապիտալ գնումներին, մասնավորապես՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը։

168.amը որևէ պատասխանատվություն չի կարող կրել սխալ ձևակերպված նախագծի համար, որում ծախսային վերաբաշխումները փաթեթավորվել են «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսվող ծախսերի ֆինանսավորում»» նախադասությամբ։

Եվ մեկ հանգամանք, որը ՊՆ «պարզաբանման» ֆոնին գրավեց մեր ուշադրությունը։ Պաշտպանության նախարարությունը հատուկ շեշտում է, որ ՊՆ շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև նախատեսված էլ չէ։

Հետևաբար անհասկանալի է, թե այդ պարագայում ինչո՞ւ էր անհրաժեշտ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ծախսերը ներկայացնել՝ որպես «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսվող ծախսերի ֆինանսավորում»։

Տեսանյութեր

Լրահոս